ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՆՈՐ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը թույլատրել է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ հետ կնքել շինարարական կապալի պայմանագրեր «ՀՀ էկոոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող շենքին ամրացված հարթակի տակ և նկուղում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի շինաշխատանքներն իրականացնելու համար, նախատեսելով, որ դրանք կատարվելու են ընկերության միջոցների հաշվին` առնվազն 120.000.000 ՀՀ դրամի չափով, կատարվելիք շինաշխատանքի դիմաց որպես հանդիպական կատարում ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով մինչև 25 տարի ժամկետով տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 ավտոկայանատեղի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին և մյուս գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է շինարարական կազմակերպությունների, մասնագետների հետ քննարկել պետական նշանակության այլ շենքերի տակ ևս ավտոկայանատեղիներ կառուցելու հարցը, որը կնպաստի մայրաքաղաքի կենտրոնը ազատել դրանց կուտակումից։