ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – «ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 746 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 21-ին, տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը հիմք ընդունելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009թ. մարտի 13-ի նիստի N 70-121 արձանագրային որոշումը եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ու «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով` գործադիրը որոշել է «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք` 746 հազար ԱՄՆ դոլարի չափով։
Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Սա այն խնդիրներից է, որը պետք է գտնվի հասարակության վերահսկողության ներքո, քանի որ պետության ընդունած նման որոշման մեջ կարեւոր է, որ այդ գումարը ծառայի բուն նպատակին։ Մի կողմից մենք երաշխավորված ենք այն առումով, որ ռիսկերի կառավարումը ստանձնել է Արմսվիսբանկը եւ պատրաստ է միջոցներ տրամադրել, մյուս կողմից ունենք գյուղնախարարության մասնագետների կարծիքը առ այն, որ Կովկասյան ցեղի կենդանիների գենոֆոնդի պահպանումը պետական նշանակություն ունի, եւ սա միակ ընկերությունն է, որը զբաղվում է դրանով։ Մենք պարտավոր ենք օգնել այս ընկերությանը։ Բացի այդ, խնդիրն ունի հակաճգնաժամային բովանդակություն, որովհետեւ ստեղծվում են նոր աշխատատեղեր եւ բիզնես-ծրագիրն էլ ինքնին արդյունավետ է։ Ամեն դեպքում ցանկալի է, որ այս գործը առաջին հերթին մեր ընդդիմախոսները վերցնեն հսկողության տակ, ինչպես որ հսկողության տակ են վերցնում օպերատիվ շտաբի ցանկացած որոշում»։