ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՍԱԼԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՍՈՍԻՆՁՆԵՐ
Համաշխարհային լայն համբավ ունեցող «Litokol» ընկերության մասնաճյուղը` «Litokol-AM» hայ-իտալական համատեղ ձեռնարկությունն, այսօր պաշտոնապես բացվեց Երեւանում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: Գործարանը հիմնադրվել է «Imex-Group» ընկերության հետ համատեղ:
«Litokol»-ի ֆինանսական գծով տնօրեն Ֆաբիո Պլացցին նշեց, որ ճգնաժամը չի հանդիսացել պատճառ, որ այս նախագիծն իրականություն չդառնա: Գործարանի կառուցումն արժեցել է շուրջ 10 մլն դոլար, արտադրական ընդհանուր հզորությունը շուրջ 30 հազար տոննա է, սակայն սկզբնական շրջանում սոսնձի արտադրանքի տարեկան ծավալը նախատեսված է 12-15 հազար տոննայի չափով: Նախատեսված է նաեւ ծեփամածիկի արտադրություն, որը սկսելու դեպքում արդեն կկիրառվեն արտադրական ողջ հզորությունները: Ակնկալվում է, որ Հայաստանում կսպառվի սկզբնական շրջանում արտադրված սոսնձի ողջ ծավալը` շուրջ 15 հազար տոննա: «Litokol-AM»-ի կողմից կազմակերպված արտադրության ժամանակ օգտագործվելու է տեղական հումք` սկզբնական շրջանում 50-60 հազար տոննա ավազ, 30-40 հազար տոննա ցեմենտ, կծախսվի մոտ 355 հազար կՎտժ էլեկտրաէներգիա եւ 456 հազար խմ գազ: Արտադրական ողջ հզորություններին անցնելու դեպքում նախատեսվում է արտահանում նաեւ Իրան, Վրաստան, նաեւ Թուրքիա: