ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ԲՅՈՒՋԵ 2008-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ՀՀ Ազգային Ժողովից հայտնում են, որ այսօր` մայիսի 29-ին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետի, պատգամավորների ու կառավարության անդամների մասնակցությամբ, մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության 2008 թ. պետական բյուջեի կատարման» տարեկան հաշվետվության քննարկումները: Մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարանականները հնարավորություն կունենան անդրադառնալ բյուջեի կատարողականին ըստ ոլորտների: Իսկ մեկնարկային նիստում նախ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ 2008 թ.-ի առանձնահատկություններին, ապա ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային ծախսերի կառուցվածքն ու քաղաքականությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2008 թ.-ը բնորոշեց որպես բարդ մակրոմիջավայրում ընթացող տարի: Դա պայմանավորված էր, ըստ վարչապետի, 2008 թ. կայացած ընտրություններով, երբ նախընտրական եւ հետընտրական սպասումներն անդրադարձան տնտեսավարողների վարքագծի եւ բյուջեի կատարման վրա: Որպես մակրոտնտեսական միջավայրի ձեւավորման գործոն բանախոսը նշեց նաեւ հարեւան Վրաստանում նախորդ տարի ծավալված ռազմական գործողությունները` նշելով, որ մեր երկրի ապրանքաշրջանառության 2/3-րդն իրականացվում է Վրաստանի տարածքով եւ նշված իրադարձությունները բացասաբար են անդրադարձել երկրի տնտեսության վրա: Որպես երրորդ եւ ամենակարեւոր առանձնահատկություն վարչապետը նշեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը, չնայած տնտեսական շուկային Հայաստանի ինտեգրվածության ցածր մակարդակին, առանց ազդեցության չթողեց նաեւ մեր տնտեսությունը: Մասնավորապես նվազեցին մասնավոր տրանսֆերտները, գլոբալ տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին, համաշխարհային շուկայում նվազեցին հումքային ապրանքների գները, ինչպես նաեւ արտահանման ծավալները կրճատվեցին եւ ուղղակի ներդրումները պակասեցին: Եթե գործադրված ջանքերի արդյունքում հնարավոր է եղել չեզոքացնել առաջին երկու գործոնների ազդեցությունը, համաշխարհային ճգնաժամն արդեն տարեվերջին Հայաստանում դարձել է նկատելի, ինչի հետեւանքով էլ արձանագրվել է 6,8 տոկոս տնտեսական աճ` բյուջեով նախատեսված ցուցանիշին զիջելով 3,2 տոկոսով եւ նախորդ տարվա համանուն ցուցանիշին` 7 տոկոսով: Գնաճի ցուցանիշը, վարչապետի տեղեկացմամբ, կազմել է 5,2 տոկոս` չգերազանցելով սահմանված 4 տոկոսը` 1,5 տոկոս տատանման միջակայքով: Նույնիսկ այս պայմաններում գործադիրին հաշվետու տարվա ընթացքում հաջողվել է պահպանել հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցության հայտարարված` 17 տոկոս մակարդակը: Սրա արդյունքում բյուջեն հարկերի ու տուրքերի գծով համալրվել է 621 մլրդ. դրամով, որը 24 մլրդ.-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Եկամուտների հավաքագրման բարձր տեմպերը կառավարությանը հնարավորություն են ընձեռել իրականացնել ոչ միայն խորհրդարանում հաստատված ծախսային ծրագրերը, այլ նաեւ նոր ծրագրեր: 2008 թ.-ի բյուջեն կատարվել է 25 մլրդ. դրամ պակասուրդով: Վարչապետն ընդգծեց, որ շուրջ 16,7 տոկոսով ավելացել է բյուջեի եկամուտների բացարձակ մեծությունը, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մեջ 0,3 տոկոսով բարելավվել հարկերի մասնաբաժինը: Թվային արտահայտությամբ` 2007 թ.-ի համեմատությամբ հաշվետու տարում հավաքագրվել է 112 մլրդ. դրամով ավելի գումար: Տիգրան Սարգսյանը նաեւ նկատեց, որ 2008 թ.-ի բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքեր կուտակելու: