ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ 2010Թ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ 37 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2010թ. Հանրապետության Նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին ու աշակերտներին, ովքեր Նախագահ Սարգսյանից ստացել են տարբեր անվանակարգերում շնորհված իրենց պարգևները: Պարգևատրված 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 12-ը` ավագ դպրոցի աշակերտներ:
Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը:
Հանրապետության Նախագահի կրթական պարգև շնորհվում է այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր բարձր գնահատականներ ունեն, հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում, մասնակցել են ՏՏ օլիմպիադաների, գիտական աշխատանքների հեղինակ են և բազմակողմանի գիտելիքներ ունեն:
2005թ. Հանրապետության Նախագահի կարգադրությամբ սահմանված կրթական պարգևների արդեն արժանացել են ՏՏ ոլորտում հաջողություն արձանագրած 158 ուսանող և աշակերտ:
Հաղթողների համար սահմանվել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հովանավորվող հետևյալ անվանակարգերն ու մրցանակները` գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ:
ՏՏ ոլորտում հաջողություն արձանագրած ուսանողները և աշակերտները, վկայագրի և դրամական պարգևի հետ միասին, ստացել են նաև ՏՏ արդյունաբերությունը խորհրդանշող արձանիկ: 2010թ. գլխավոր` գրան-պրի մրցանակի արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Արմեն Ղարիբյանը:
Հանձնելով պարգևները` Հանրապետության ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորել է հատկապես կրթության և գիտության ոլորտում, նաև հանրային կյանքի տարբեր բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում համակարգչային հագեցվածության աստիճանի բարձրացումը, որի ուղղությամբ, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, արդեն որոշակի քայլեր արվում են.
«Չնայած առաջընթացին, մեր դպրոցների համակարգչային հագեցվածությունը դեռ գոհացուցիչ չէ: Սա գիտակցելով է, որ մենք սկսում ենք դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացման առաջնահերթ ծրագիր: Դրա հիմնական նպատակն է` արդիականացնել մեր կրթության համակարգը, ինչպես նաև ընդլայնել ուսուցիչների, աշակերտների և ծնողների միջև հաղորդակցության և բաց էլեկտրոնային շփումների հնարավորությունները: Ընդ որում, այս նորամուծությունները չեն կենտրոնանալու մայրաքաղաքում և հասու են լինելու անգամ հեռավոր համայնքներում:
Ծրագիրը կիրականացվի 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և դպրոցներին կտրամադրվեն վերջին սերնդի բարձրորակ համակարգչային սարքավորումներ: Վստահ եմ, որ այս և գալիք մեր բոլոր ջանքերն ապահովելու են ձեզ պես խելացի երիտասարդների նոր բանակի կայուն համալրումը»,-ասել է Նահագահը:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև պետության կողմից մատուցվող ծառայություններն էլեկտրոնային դարձնելու կարևորության մասին. «Կարծում եմ` «էլեկտրոնային հասարակություն», «էլեկտրոնային կառավարություն» արտահայտությունները քաջ ծանոթ են բոլորիդ: Մենք արդեն իսկ հանդես ենք եկել մի շարք նախաձեռնություններով, որոնց նպատակն է պետության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել էլեկտրոնային` այսինքն շատ ավելի արագ, պակաս ծախսատար, առավել արդյունավետ և որ ամենակարևորն է` քաշքշուկներից զերծ: Ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպման այս մոտեցումը կարող է շատ մեծ ընդգրկում ունենալ` հարկահավաքությունից մինչև ձեռնարկությունների գրանցում կամ լիցենզավորում, առողջապահությունից մինչև ընտրությունների անցկացում: Այլընտրանք չկա. մենք աշխարհի զարգացման տեմպից հետ մնալ չենք կարող և չենք էլ մնալու»: