ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ
Ընթացիկ եռամսյակում ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընտրանքային սկզբունքով իրականացված հետազոտության արդյունքների համաձայն տնտեսական ակտիվության ինդեքսը, որը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, 2009 թվականի չորրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ կրճատվել է 32.6%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ այն աճել է 2.7%-ով:
2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց նպատակն է նախ գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, ինչպես նաև հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:
Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 853 կազմակերպություն: Հարցման էենթարկվել նաև 1806 տնային տնտեսություն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների և ֆաքսի միջոցով: