ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 1000 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց (այդ թվում` ձեռնարկությունների) և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականի 12 ամիսների ընթացքում ՀՀ-ում առևտրային իրավաբանական անձանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.8%-ով և կազմել 60 811, իսկ անհատ ձեռնակատերերի թիվն այս նույն ժամանակահտվածում աճել է 13,72%-ով: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 75 197 անհատ ձեռնարկատեր:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2009 թվականին հանրապետությունում լուծարվել է 1007 իրավաբանական անձ (այդ թվում ձեռնարկությունները և առանձնացված ստորաբաժանումները) և 2744 անհատ ձեռնակատեր:
Նշենք, որ լուծարված իրավաբանական անձանց թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ աճել է 9,38%-ով, իսկ լուծարված անհատ ձեռնարկատերերի թիվը` 4,05%-ով: