«ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010»-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՎԱՐԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը որոշել է նոր խմբագրությամբ շարադրել իր ավելի վաղ ընդունած «2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին ՉԺՀ Շանհայ քաղաքում կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև ՀՀ մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» որոշման երկրորդ հավելվածը։ Նախատեսված միջոցառումները, աշխատանքները, ժամանակացույցը և ֆինանսավորման աղբյուրները փոփոխվել են աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, դրանով իսկ ծրագիրը դարձել է ավելի ճկուն, խթանել աշխատանքների արդյունավետության բարձրացումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել «Շանհայ էքսպո-2010»-ի Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մշակութային ծրագրի հեղինակներին և կատարողներին, ում համատեղ ջանքերով հայկական տաղավարը լավագույն է ճանաչվել, իսկ չին գործընկերներն առաջարկել են շարունակել դրա ցուցադրությունը։ Երևանի քաղաքապետարանն իր հերթին է հնարավորություն ստեղծում, որպեսզի տաղավարը ցուցադրվի նաև մայրաքաղաքում և հասանելի դառնա երևանցիներին։