ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏԻ
Սյունիքի մարզում հնարավոր է ստեղծվի արդյունաբերական գոտի, որտեղ ձևավորված ձեռնարկությունները կունենան մեկ ընդհանուր նպատակ` բացահայտել այն ներուժը, որն ունի Հայաստանը գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։ Իրանի Իսլամական Հանրապետությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այդպիսի գոտու ստեղծումն առավել արդյունավետ կդարձնի երկաթգծի կառուցման աշխատանքները, քանի որ մասնավոր հատվածի համար կլինի լրացուցիչ խթան՝ ներդրումներ կատարելու երկաթգծի կառուցման աշխատանքներում։
«Մեր ձեռներեցները մաքսային ծառայությունների աշխատանքին վերաբերող մի շարք խնդիրներ բարձրացրեցին այս օրերի ընթացքում, այդ պատճառով մենք հրավիրել ենք Իրանի մաքսային ծառայության ղեկավարին այցելել Հայաստան և հայ գործընկերների հետ քննարկել այդ ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ կարևորելով իրանցի գործընկերների կողմից արված այն առաջարկը, որը ենթադրում է ստեղծել միասնական մաքսային դարպաս։ ՀՀ վարչապետի պարզաբանմամբ, դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները ընդամենը մեկ անգամ են շփվելու մաքսազերծման ընթացքի կազմակերպիչների հետ, որն էլ ենթադրում է, որ երկու երկրների մաքսային ծառայությունների միջև պետք է ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, հաստատվեն կանոններ, որոնք հասանելի կլինեն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին։
«Անհրաժշտություն կա, որպեսզի մեր իրանյան գործընկերներն ավելի լավ պատկերացում ունենան Հայաստանի օրենսդրության մասին, իսկ մեր գործարարներին անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ ներկայացնել Իրանի օրենսդրությունը՝ տնտեսական հարաբերություններ հաստատելու համար։ Այս հանդիպումների ընթացքում ակնհայտ է, որ մենք ունենք նման տեղեկատվության պակաս, և կարծում ենք, որ այդ պակասը կարող են լրացնել մեր երկու երկրների Առևտրային պալատները»,- ասել է Տիգրան Սարգսյանը` պատրաստակամություն հայտնելով Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին լրացուցիչ իրավասություններ տրամադրել մաքսազերծման գործընթացները հեշտացված կարգով իրականացնելու համար։
ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը և Իրանը պատմականորեն ունեցել են բարիդրացիական հարաբերություններ և երկու պետությունների միջև ձևավորված այդ հարաբերությունները, բավականին բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը հրատապ է դարձրել մի խնդիր, համաձայն որի` պետք է բացահայտվի նաև մեր երկրների տնտեսական ներուժը։
«Մեր առևտրաշրջանառության ծավալների մեջ Իրանը զբաղեցնում է ընդամենը յոթերորդ տեղը այն պարագայում, երբ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր է էապես բարձրացնել այդ ցուցանիշը և կազմակերպել այնպիսի առևտրաշրջանառություն, որ տնտեսապես ավելի ձեռնտու լինի։ Ջանքեր են ներդրվելու նաև տուրիզմի զարգացման առումով։ Այստեղ մեր տուրիստական գործակալությունները անելիքներ ունեն` ներկայացնելու մեր երկրների տուրիստական գրավչությունները»,-նշել է Տիգրան Սարգսյանը։
Հայ-իրանական համագործակցության ոլորտները կընդլայնվեն նաև կրթական ոլորտում։ Նախատեսվում է հայագիտական կենտրոն ստեղծել Թեհրանի պետական, և Իսլամագիտական կենտրոն՝ Երևանի պետական համալսարաններում։
ԻԻՀ հանքերի, առևտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանը կարևորել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ հայաստանյան պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն՝ նշելով, որ ինքն էլ նոր է վերադարձել Հայաստանից և մտքերի փոխանակության այսպիսի ինտենսիվությունը շատ անհրաժեշտ է։
«Այն խնդիրները, որոնց մասին խոսվեցին այս երկու օրերի ընթացքում, գտնվում են Իրանի նախասիրությունների շարքում։ Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ ու այդ առումով գործադրելու ենք բոլոր ջանքերը համագործակցության եզրեր փնտրելու համար»,-ասել է Մոհամմադ Նահավանդիանը։ Նա նույնպես հատկանշական է համարել արդյունաբերական գոտու ստեղծումը, որի միջոցով տնտեսության մի շարք ոլորտներում կարձանագրվեն հաջողություններ։ «Արդյունքում կկարողանանք մեծացնել շահույթը, և կրճատել ծախսերը»,– ասել է Մոհամմադ Նահավանդիանը։