ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու մարզ, Սարահարթ գյուղում հանձնել ութ բնակավայրերում կառուցված 157 տների հավաստագրեր։ Առանձնատները կառուցվել են «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի» շրջանակում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է շահառուներին և նշել, որ պետության կողմից կառուցված առանձնատները տրվում են սեփականության իրավունքով։ «Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ հնարավորություն ունենք ընդգծելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը, այն է, 7000 անօթևան ընտանիքներին ապահովել բնակարաններով, ի կատար է ածվում»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին նախագահի այս ծրագիրը հետևողականորեն իրականություն է դառնում։
«Սա չափազանց լուրջ նախաձեռնություն է. պետությունը, չնայած ունի սոցիալական լուրջ խնդիրներ, մասնավորապես 2009 թվականին ունեցել է մեծ տնտեսական անկում, սակայն այս ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է և ֆինանսավորումը ոչ մի օր չի դադարեցնում»,- ընդգծել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանի խոսքով, աղետի գոտում ընդհանուր առմամբ իրականացվում է 250 մլն դոլարի շինարարություն, որի շրջանակներում 7000 անօթևան ընտանիքներ կստանան պետության կողմից խոստացված բնակարանները։ «Շատ ուրախ եմ, որ 157 ընտանիքների հանձնում ենք բնակարանների հավաստագրերը, հասկանալի է, որ 7000 ընտանիքով մենք ամբողջությամբ խնդիրները դեռևս չենք լուծում»,- նշել է վարչապետը` հավելելով, որ Լոռու մարզում դեռ կան սոցիալական, բնակարանային ապահովվածության և այլ խնդիրներ, որոնք դեռ լուծման կարիք ունեն։ «2011թ-ին հիմնականում ավարտելով 7000 ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը կկարողանանք մյուս տարիների ընթացքում ձեռնամուխ լինել սոցիալական այլ խնդիրների լուծմանը»,- եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջորդ կանգառը Սպիտակում էր, որտեղ վարչապետը մասնակցել է քաղաքի «Վարպետաց» թաղամասում «Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակում իրականացվող ծառատունկին։
Տիգրան Սարգսյանը, ողջունելով ծառատունկի մասնակիցներին, նշել է, որ ծրագրի իրականացման գործում բավականին հետևողական աշխատանք է տարվում և համապատասխան միջոցառումներ են իրականացվում մաքուր հայրենիք գաղափարախոսությունը հանրապետության բոլոր մարզերում տարածելու համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասին» շարժման երիտասարդներին, որոնք հետևողական են և վերահսկում են կառավարության կողմից հաստատված «Մաքուր հայրենիք» ծրագրի իրականացումը։ Դա ամենակարևոր երաշխիքն է այն բանի, որ «Մաքուր հայրենիք» ծրագիրը կհասնի իր նպատակին»,-ասել է վարչապետը` հավելելով, որ ծրագրի նպատակն է, սիրելով հայրենիքը, պահպանել այն մաքուր։ Տիգրան Սարգսյանի խոսքով, դեռևս այդ ուղղությամբ անելիքներ կան։ Պետք է քայլեր ձեռնարկվեն մարդկանց մտածողությունը փոխելու համար։
«Այս ակցիան տարածելով բոլոր մարզերում` ցանկանում ենք հանրության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ Եթե յուրաքանչյուր անձ մեկ կամ երկու ծառ տնկի, ապա նրա մեջ ինչ-որ բան կփոխվի և նորովի կգնահատի բնության արժեքը։ Կարծում եմ, որ հետևողականությունն այս գործում խիստ կարևոր է»,-ավելացրել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Վարչապետը նշել է, որ նման ակցիաները դեռ շարունակվելու են` հավելելով, որ առավել նպատակահարմար կլինի, որ բոլոր մարզպետները ծրագիրը վերցնեն իրենց անձնական հսկողության տակ և մարզերում այն իրենք իրականացնեն։
«Մենք հասարակության հետ միասին հետևողական ձևով պետք է վերահսկենք, որ ծրագիրն ամբողջությամբ իրականացվի։ Ծրագրի իրականացման գործում անհրաժեշտ է ներգրավել դպրոցներին, բուհերին, որպեսզի աշակերտներն ու ուսանողներն ակտիվորեն մասնակցեն միջոցառումներն։ Ճիշտ կլինի մինչև ձմեռը ծառատունկի ծավալները ավելացվեն, որովհետև մենք ունենք պատրաստված հազարավոր տնկիներ։ Մենք պարտավոր ենք այդ տնկիները, ըստ մարզերի, հավասարաչափ բաշխելով, ծրագիրն իրականացնել»,-ավելացրել է վարչապետը։
«Վարպետաց» թաղամասում կառուցվել են 220 առանձնատներ, որոնց շահառուները վիճակահանությամբ արդեն ստացել են իրենց հասանելիք բնակարանները։