ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐ – ՀՈՒԼԻՍԻՆ ՍՏԱՑՎԵԼ Է 23 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հուլիս ամսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 23 բողոք: Fինանսական կազմակերպություններին չվերաբերող գրասենյակի ստացած քաղաքացիների զանգերն ու այցելությունները բազմաթիվ են:
Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 23 բողոքներից 13-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել քննության Հաշտարարի կողմից. հաճախորդների մի մասը եղել են իրավաբանական անձինք կամ անհատ ձեռներեցներ, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ եւ, ըստ էության, չեն պարունակել գույքային պահանջ:
Հաշտարարի քննությանը ենթակա 10 բողոքներից 5-ը հուլիսին ստացվել են գրավոր տեսքով եւ ընդունվել են քննության, 5 պահանջների քննությունը հաշտարարի լիազորությունների շրջանակում են եղել, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են վերջիններիս ձեւակերպել իրենց պահանջները եւ ներկայացնել ֆինանսական կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը` համաձայն ՙՖինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ. հունվարի 24-ից: Նրա ծառայություններն անվճար են: