
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՇՏԱՊՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Համաշխարհային բանկը փորձում է հնարավորինս արագ Հայաստանին տրամադրել այն վարկային միջոցները, որոնց վերաբերյալ ՀՀ հետ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն այսօր լրագրողներին ասաց, որ խոստացված գումարների մոտ կեսը կտրամադրվի այս տարի, մյուս մասերը` աստիճանաբար` առաջիկա տարիներին:
Այս տարի կնքված համաձայնագրերով` Համաշխարհային բանկը Հայաստանին վարկեր է տրամադրում վարկային միջոցներ գյուղական կենսական նշանակության ճանապարհների բարեկարգման, շուրջ 50 մլն դոլար` հատկապես փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկավորման ծավալների ավելացման, շուրջ 30 մլն դոլար` ոռոգման ցանցի բարեկարգման, շուրջ 25 մլն դոլար` կրթական ոլորտի բարեփոխումների համար: Հունիսի վերջին Հայաստանի հետ ստորագրվել է նաեւ բյուջետային օժանդակության շուրջ 60 մլն դոլար վարկի համաձայնագիր` փակելու երկրում ճգնաժամի հետեւանքով ստեղծված ֆինանսական ճեղքվածքը: