ԱՄՀ-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 10-15 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարի Հայաստանի համար կանխատեսում է 10-15 տոկոս տնտեսական անկում, իսկ սղաճը` 3 տոկոս: Այսօր այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա տեղեկացմամբ` այժմ Հայաստանում է ԱՄՀ առաքելությունը Վաշինգտոնից, որը կքննարկի իրավիճակը կառավարության, կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի հետ, ինչից հետո կանխատեսումները կհստակեցվեն: Ընդ որում, ըստ նրա, տնտեսության ընդհանուր կրճատումը տարվա արդյունքներով ավելի ցածր կլինի, քան առաջին կիսամյակում, քանի որ կրճատումն սկսվել է 2008 թ.-ի վերջին եռամսյակում, ինչի կապակցությամբ էլ տարեկան աճն արդեն ավելի լավատեսական տեսք կունենա: ԱՄՀ-ն համաձայն է կառավարության այն կանխատեսման հետ, ըստ որի` 2010թ.-ին ՀՆԱ ոչ մեծ աճ կգրանցվի, որը «դրական, բայց շատ ցածր կլինի»: