ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՑ ՆՈՐ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Ազգային ժողովն այսօր վավերացրել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի» վարկային համաձայնագիրը: Դրանով նախատեսված է Հայաստանին տրամադրել շուրջ 80 մլն դոլար`համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով: Այդ վարկային միջոցները ծախսվելու են հատուկ սահմանված պահանջներին համապատասխան. ուղղվելու են բյուջեի սոցիալական ծախսերի պլանավորված մակարդակի պահպանմանը եւ աշխատատեղերի ստեղծմանն ուղղված բյուջեի ծախսերի ապահովմանը:
Այս ծրագիրը կարեւորվում է այս տարվա բյուջեն սահուն իրականացնելու, երկրում աղքատության խնդիրը չխորացնելու տեսակետից: