ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՑԱԿՏ ԿԱՏԱՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի 12-րդ` ընդլայնված նիստը, որը նախագահել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգում ընգրված են եղել Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության զարգացման միտումների քննարկումը, համահայկական ցանցի ստեղծման եւ զարգացման նախագծերի ներկայացումը, ինչպես նաեւ մրցունակության հիմնադրամի ծրագրային հաշվետվության, կանոնադրության եւ գործառնական ընթացակարգերի հաստատումը։ Նիստին մասնակցել են Հայաստանի մասնավոր ոլորտի եւ դոնոր համայնքի ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, խոսել է Հայաստանի մրցունակության բարձրացման հնարավորությունների եւ այդ ոլորտում կառավարության անելիքների մասին։ Նիստին մասնակցել է նաեւ Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար Լի Կվան Յուն` Սինգապուրի նախկին վարչապետն ու այդ երկրի տնտեսական հրաշքի հեղինակը։ Նա ներկայացրել է Սինգապուրի ազգային մրցունակությանն ուղղված քայլերից քաղված դասերը։
Կարեւորելով նիստը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նիստի առանձնահատկությունն այն է, որ ՀՀ նախագահի հրավերով Հայաստանում է գտնվում Սինգապուրի նախկին վարչապետ, ավագ նախարար Լի Կուան Յունը, եւ բացառիկ հնարավորություն է հիմնադրամի համար անցկացնել քննարկումներ այն հարցերի վերաբերյալ, որոնք խորհրդի ուշադրության կենտրոնում են։ Սա նաեւ հնարավորություն է մեզ համար ներկայացնելու հիմնադրամի առաքելությունը։ Հիմնադրամի խորհուրդն իր աշխատանքն սկսեց նրանից, որ փորձ կատարվեց հստակեցնել նոր հայեցակարգը. հիմնական գաղափարախոությունը հիմնված է մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքի վրա, եւ ազգային մրցունակության հիմնադրամը նոր գործիք է, որը հնարավորություն է տալիս պետությանը մասնավոր հատվածի հետ իրականացնել լուրջ ծրագրեր` աշխահին ցույց տալու հայության եւ Հայաստանի դերն այսօր եւ ապագայում։ Դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում, ինչպիսին են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, եւ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ ինչպես կարող ենք ավելացնել ազգի մրցունակությունը»։
Սինգապուրի ավագ նախարարի խոսքով Հայաստանը պետք է կարողանա «ցատկ կատարել» տարածաշրջանի երկրների վրայով ու անցնել զարգացման որակապես նոր աստիճանի, եւ օգտագործել հայկական սփյուռքի ներուժը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուն պատասխանել են նաեւ լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին։