
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
Ցավոք, Հայաստանը հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտում դեռ լուրջ խնդիրներ ունի. տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թափանցիկ չէ, եւ հանրությունը չի վստահում նրանց ֆինանսական հաշվետվություններին: Այս հանգամանքը տնտեսական համակարգին լուրջ հարված է հասցնում: Այսօր այս մասին Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիա կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մասնակցեց ասոցիացիայի որակավորման ծրագրի շրջանավարտներին որակավորման հավաստագրերի հանձնման արարողությանը, որի ժամանակ հավաստագրեր ստացան 49 հաշվապահ, 32 աուդիտոր եւ 24 հաշվետար: Վարչապետը կարեւորեց ասոցիացիայի զարգացումը` նշելով, որ այդ դեպքում պետությունը կարող է բազմաթիվ գործառույթներ օտարել իրենից եւ տալ ասոցիացիային:
Ըստ Տ. Սարգսյանի` 2010-ից լրացուցիչ բեռ է դրվելու աուդիտորական ընկերությունների վրա: Նա հիշեցրեց, որ արդեն օրենքը պարտադրում է, որպեսզի խոշոր ձեռնարկություններն անցնեն աուդիտ եւ հրապարակեն դրա արդյունքներն ու իրենց հաշվապահական հաշվետվությունները: Դա նշանակում է, որ հարյուրավոր խոշոր ձեռնարկություներ պահանջ կունենան որակյալ աուդիտորական ընկերությունների ծառայությունների: Այդպիսով նաեւ հասարակությունը կստանա ազդակներ, որ նրանց հաշվետվությունները համապատասխանում են իրականությանը: Դա կնպաստի վստահության ոլորտի ձեւավորմանը: Այս պարագայում, վարչապետի խոսքով, կարեւոր է առաջին հերթին վստահության ձեւավորումը հենց աուդիտորական ընկերությունների հանդեպ: Այսօր դրանց շարքում կան այնպիսիք, որոնք առանց անհրաժեշտ ստուգումների, առանց հաշվապահական ստանդարտների համապատասխանության իրենց կնիքն են դնում աուդիտորական հաշվետվությունների տակ: Դա ազդում է նաեւ ազնիվ աշխատող աուդիտորական ընկերությունների աշխատանքի վրա: Տ. Սարգսյանն ընդգծեց, որ դաշտը պետք է մաքրվի այդպիսի ընկերություններից:
Նրա խոսքով` այսօր Հայաստանի օրենսդիր մարմնում մտահոգություններ կան, թե արդյոք աուդիտորական ընկերությունները պատրաստ են հաջորդ տարվանից ուսումնասիրել խոշոր ընկերությունների գործունեությունը: Այս առումով վարչապետը խնդրեց ասոցիացիայի ղեկավարությանը` այդ խնդիրը դարձնել լուրջ քննարկման առարկա եւ ջանքեր չխնայել նշված ընկերությունների որակավորման բարձրացման համար` այդ պարագայում համագործակցելով ՀՀ ֆինանսների նախարարության հետ: