ՄԻ ՇՏԱՊԵՔ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼ` ՍՏԱՆԱԼՈՒ ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՆ ՁԵՐ ՇԱՀՈՒՄՆԵՐԸ
Երբ արդեն սովորականի պես ստանում եք հաղորդագրություններ այն մասին, թե իբր շահել եք խոշոր գումարներ կամ թանկարժեք տեխնիկա ու իրեր, մի տարվեք երազանքներով եւ մի շտապեք փոխանցել շահման մասին իրազեկողների կողմից պահանջվող գումարները, որոնք, իբր անհրաժեշտ են ձեր շահումը ձեզ փոխանցելու համար: Դուք թերեւս «Նիգերիական սխեմաներ»-ի պոտենցիալ զոհն եք: ՀՀ կենտրոնական բանկն իր հերթին է մտահոգ այսպիսի դեպքերով եւ խորհուրդ է տալիս քաղաքացիներին` զերծ մնալ նման իրադրություններից եւ լուրջ չվերաբերվել նման հաղորդագրություններին:
ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանն այսօր լրագրողներին ասել է, որ այս դաշտում լուրջ ռիսկեր կան: Այդպիսի դեպքերը հաճախ հնարավոր չի լինում բացահայտել, քանի որ հանցագործները հաճախ կիրառում են իրավապահներին դեռեւս անհայտ տեխնոլոգիաներ: