ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 5%
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թ. նոյեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.00%: 2009 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ ընթացիկ ժամանակահատվածում գնաճի վարքագիծը և մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են եղել ԿԲ-ի կանխատեսումներին: Արտաքին միջավայրից շարունակել են փոխանցվել չափավոր գնաճային ճնշումներ` պայմանավորվելով հանքահումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, պահպանել են ներքին գնաճային միջավայրի ակտիվությունը:
Խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ զարգացումների շարունակման հեռանկարի պայմաններում տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը: