ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստն ավարտվել է
Այսօր Ծաղկաձորում ավարտվել է ԱՊՀ անդամ-երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ երկօրյա նիստը: Մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից:
Նիստի ընթացքում ներկայացվել է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակը, խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների և հանձնարականների իրականացման ընթացքը: Քննարկվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները նվազեցնելու միջոցառումներին և ներդրողների օրինական իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների միջև գաղտնի տեղեկությունների փոխանակմանն ու օգտագործմանը վերաբերող հարցեր:
Ներկայացվել են նաև անդամ երկրների արժեթղթերի շուկաներում գործող հարկման մեխանիզմները կարգավորող օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, ինչպես նաև տեղեկատվություն ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակի մասին:
ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկայում խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Խորհրդի գործունեության հիմնական խնդիրներն են` արժեթղթերի շուկաների ոլորտում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրման խորացումը, արժեթղթերի շուկայի կարգավորման միջազգային չափանիշերի ձևավորման նպատակով համագործակցության ապահովումը, ԱՊՀ-ում կապիտալի շարժի հետագա ազատականացման համար պայմանների ստեղծումը, այս շուկայում ներդրողների իրավունքների և օրինական շահերի երաշխավորված և արդյունավետ պաշտպանության ապահովումը, ինչպես նաև արդյունավետ վերահսկման համակարգի ստեղծումը: