ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՎԵՐՑՆԻ
Երեկ` լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով Ռուսաստանից ներգրավվող ֆինանսական միջոցներին վերաբերող հարցին ասել է. «Մոտավորապես 185 մլրդ դրամ է կազմում այն վարկը, որ մենք ստացել ենք Ռուսաստանից։ Այս վարկի բաշխվածությունը հետեւյալն է, մոտավորապես 45 մլրդը աղետի գոտու վերականգնման աշխատանքներն են, սոցիալական ծրագիրն է իրականացվելու, արդեն 22 միլիարդը իրացրել ենք, մոտ 24 մլրդ կիրացնենք 2010 թ.։ Մի մասը` շուրջ 90 մլրդը Կենտրոնական բանկի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ ենք ստեղծել եւ այդ միջոցները օգտագործելու ենք փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման, արտահանման խթանման համար, այն ձեռնարկությունների վարկավորման համար, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր, տուրիզմի խթանման եւ այլն։ Այսինքն, այն բոլոր ծրագրերը, որոնք բխում են մեր տնտեսության դոկտրինից, պետք է վարկավորվեն։ Շուրջ 54 մլրդ դրամ մեր կայունացման հիմնադրամում է, որը Կենտրոնական բանկում է։ Լրացուցիչ եւս 100 մլն դոլարի խնդրանք ներկայացրել ենք մեր գործընկերներին։ Այս 100 մլն դոլարի ծրագիրն ամբողջությամբ նվիրված է լինելու ադամանդագործությանը։ Եթե մեզ հաջողվի գալ համաձայնության մեր ռուս գործընկերների հետ, «ԱԼՌՈՍԱ»-ի հետ ունենալ ինստիտուցիոնալ հարաբերություններ այդ պայմանագրի շրջանակներում, ապա մենք պատրաստ ենք եւս 100 մլն դոլար վարկ վերցնել, որն ամբողջությամբ կտրամադրենք ադամանդագործության ոլորտի արդիականացմանը, ժամանակակից բորսայի ստեղծմանը ՀՀ-ում եւ գործող մասնավոր ընկերություններին կսպասարկենք ռուսական հումքով։ Բնականաբար այդ 100 մլն դոլարանոց բեռը ծանրանալու է մանավոր հատվածի վրա, բայց դա լինելու է արտոնյալ վարկային միջոցներ, որը նրանց համար ստեղծելու է մրցակցային առավելություն։ Սա այն ծրագիրն է, որը դեռեւս գտնվում է քննարկման փուլում։ Չգիտեմ ինչով կավարտվեն մեր բանակցությունները, բայց այդ բանակցություններին մասնակցում են նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որովհետեւ մենք Ադամանդագործության եւ ոսկերչության ասոցիացիայի հետ համատեղ էլ ենք քննարկել այս խնդիրը, եւ նրանց հետաքրքրությունը կա։ Եթե ստացվի, եթե մասնավոր հատվածը այդ պայմանների հետ համակերպվի, ընդունի այդ պայմանները, ապա այս լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանագրին մենք պատրաստ կլինենք։ Այլ վարկային միջոցների ներգրավման խնդիր այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության հետ մենք չունենք։ Բացի այս միջպետական հարաբերություններից, դուք գիտեք, որ ստեղծված է հակաճգնաժամային հիմնադրամը Եվրազեսի շրջանակներում, որտեղ շուրջ 8.5 միլիարդ դրամ արդեն կուտակվել է։ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի Հանրապետության մասնակցությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, եւ մենք նույնպես մասնակցում ենք այդ հիմնադրամի աշխատանքներին։ Մենք մեր առաջին փայամասնակցության վճարը արդեն իսկ կատարել ենք եւ կարող ենք ակնկալել, որ կարող ենք օգտվել վարկային միջոցներից, որ ուղղվելու են մասնավոր հատվածին։ Այս պահի դրությամբ շուրջ 5 խոշոր ծրագրեր, որ բխում են հակաճգնաժամային կայունացման հիմնադրամի կանոնադրությունից, մենք մշակում ենք մեր գործընկերների հետ։ Մասնավորապես` «Եվրազես» բանկն է այդ միջոցների կառավարման օպերատորը, եւ ակնկալիքներ ունենք, որ կարող ենք երեւի թե մինչեւ 700 միլիոն դոլարի ծրագրեր ներկայացնել մասնավոր հատվածից, եթե կլինեն նման ծրագրեր, որ ունեն գրավչություն եւ կստանան վարկային միջոցներ։ Սա կարծես թե տնտեսական բլոկի վերջին հարցն է»։