ՎԶԵԲ-Ը ՖԻՆՔԱ-ԻՆ 4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿ ՀԱՏԿԱՑՐԵՑ
Այսօր Երևանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուն և ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Երվանդ Բարսեղյանը կնքել են 4 մլն դոլար արժողությամբ սինթետիկ վարկի հատկացման պայմանագիր: Վարկը բացառիկ է. այն տրամադրվում է հայկական դրամով` միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման նպատակով:
Վարկի կարևորությունն ընդգծելով` ՖԻՆՔԱ-ի ղեկավարը նկատել է, որ սա լուրջ քայլ է միկրո և փոքր բիզնեսների վարկավորման ուղղությամբ, և որը հնարավորություն կտա զերծ մնալ փոխարժեքային տատանումներից: Ե. Բարսեղյանը նշեց նաև, որ հետճգնաժամային շրջանում ազգային արժույթով վարկի տրամադրումը նշանակալի քայլ է:
Թ. Միրոուն իր հերթին ընդգծել է, որ այս քայլով ՎԶԵԲ-ը մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում:
Նշենք, որ 2009թ-ին ՎԶԵԲ-ի ներդրումները Հայաստանում ռեկորդային էին` 150 մլն դոլար: Ըստ ՎԶԵԲ նախագահի, այս տարի կփորձեն կրկնել այդ հաջողությունը: