ԽԱՂԱՏՆԵՐԻՑ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՑ ԳԱՆՁՎԵԼ Է 285 ՄԼՆ ՊԵՏՏՈՒՐՔ ԵՎ 14.1 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ
Գանձվել է 285 մլն դրամ պետական տուրք և 14 մլն 100
հազար դրամ տուգանք
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 11 և խաղատան 2 լիցենզիա: Միևնույն ժամանակ 12 շահումով խաղի և 1 խաղատան լիցենզիաները ուժը կորցրած են ճանաչվել, 13 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:
01.01.2010-01.07.2010թթ. ընկած ժամանակահատվածում խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 9 մլն 100 հազար, 4 մլն 500 հազար և 500 հազար դրամի չափով: 13 շահումով խաղերի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Կիսամյակային տվյալներով` այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 285 մլն դրամ պետական տուրք, որից 185 մլն` շահումով խաղերի և 100 մլն դրամը` խաղատների գծով:
Ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 96 շահումով խաղի, 13 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: