ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 6 ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ 100%-Ը ՏՆՕՐԻՆՈՒՄ Է ՄԵԿ ԱՆՁ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 21 առևտրային բանկերից 1-ը սահմանափակ պատասխանատվությամբ, 3-ը` բաց բաժնետիրական, 17-ը` փակ բաժնետիրական ընկերություններ են: Հայաստանյան բանկերի բաժնետերեր և փայատերեր են 1647 ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնցից 92-ը` ոչ ռեզիդենտներ: Այս մասին հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկը:
Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանում գործունեություն ծավալով 6 բանկերում բաժնեմասերի 100%-ը տնօրինում է մեկ անձ (հինգը՝ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ, մեկը՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ), իսկ տասնչորս բանկերում մեկ բաժնետեր տնօրինում է բաժնետոմսերի 50%-ից ավելի բաժնեմասը:
ՀՀ բանկերի օտարերկրյա բաժնետերերը հիմնականում եվրոպական երկրներից են, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից:
2011 թվականի վերջի դրությամբ 21 առևտրային բանկերի փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը կազմել է 226.0 մլրդ դրամ, իսկ կանոնադրական հիմնադրամում ոչ ռեզիդենտների փայամասնակցությունը կազմել է շուրջ 75% (168 մլրդ դրամ):