ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՄՏԵԼ 50 ԴՐԱՄԱՆՈՑ ՆՈՐ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ
2012 թ. հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտել հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված 2012թ. թողարկման Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված 2012թ. թողարկման Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
Հիսուն դրամ անվանական արժեքով 2003թ. թողարկման Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամների նկարագրությունը.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 11 տեսակի 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված Հայաստանի Հանրապետության 10 մարզերին և ք. Երևանին:
Մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են.
Տավուշի բերդը (Տավուշի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Գառնու հեթանոսական տաճարը (Կոտայքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Սևանի թերակղզին (Գեղարքունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Հաղպատի եկեղեցական համալիրը (Լոռու մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Ֆայտոն (Շիրակի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Սյունիքի դարպասները (Սյունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Խոր Վիրապը Արարատի պատկերի ներքո (Արարատի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Քարայծ (Վայոց Ձորի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Բյուրականի աստղադիտարանը (Արագածոտնի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Սարդարապատը (Արմավիրի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ), Սասունցի Դավթի արձանը երկաթգծի կայարանի շենքի պատկերի ներքո (Երևանին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ):
Պատկերների ներքևում մետաղադրամների թողարկման տարեթիվն է` «2012», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և համապատասխանաբար՝ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ», «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ», «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ», «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ», «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ», «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ», «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ», «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ», «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ», «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ» և «ԵՐԵՎԱՆ» մակագրությունները:
Մետաղադրամների դարձերեսի կենտրոնում շրջանառու հիշատակային մետաղադրամի անվանական արժեքն է` «50 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր:
Դիմերեսի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դարձերեսի էսքիզի հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում:
Շրջանառու հիշատակային մետաղադրամների բնութագիրը.
Անվանական արժեքը՝ 50 դրամ,
Մետաղը՝ արույրապատ պողպատ,
Քաշը՝ 3,50 գ,
Տրամագիծը՝ 21,5 մմ,
Դրամաշուրթը՝ ատամնավոր,
Տպաքանակը՝ 60’000 հատ յուրաքանչյուր տեսակից: