2025 թ.-ին Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3% նպատակային (±1.0 տկ) ցուցանիշով
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով, որի մասին Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովումը: Գների և ֆինանսական կայունության ապահովման հիմնական նպատակների իրագործմամբ ՀՀ ԿԲ-ի՝ որպես հանրային հատվածում գործող կառույցի առաքելությունը համազգային բարեկեցության բարելավումն է:
Գների կայունության նպատակի ապահովման համար ՀՀ ԿԲ-ն ընտրում է դրամավարկային համապատասխան ռազմավարություն և իրականացնում դրամավարկային քաղաքականություն: Ցածր և կայուն գնաճի ապահովմանն ուղղված հետևողական քաղաքականությունը վստահելի անվանական խարիսխ է տնտեսության համար, որն ինքնին նպաստում է գնաճային սպասումների խարսխմանը, անարդյունավետ պարբերաշրջանների չեզոքացմանն ու երկրի տնտեսական զարգացմանը, խթանում է ներդրումները և ժամանակի ընթացքում բարելավում հասարակության բարեկեցությունը:
Գների կայունության սահմանման և իրագործման նպատակով, ՀՀ ԿԲ-ը միջնաժամկետ հորիզոնի համար, առաջնորդվում է գնաճի նպատակային թիրախով, որը համադրելի է գների կայունության նպատակի հետ: Կարևոր է նշել, որ գների կայունության բնութագրումը և ապահովումը չի սահմանափակվում գնաճի նպատակային ցուցանիշի սահմանմամբ: Գների կայունության ապահովումը դինամիկ գործընթաց է, որը նաև պահանջում է համապարփակ, ապագային միտված դրամավարկային քաղաքականության հիմնակարգ և ամուր գործիքակազմ, թափանցիկության, հաղորդակցման և հաշվետվողականության ամենաբարձր չափանիշներ և գործուն փոխանցումային մեխանիզմ: ՀՀ գործող օրենսդրության համաձայն` գնաճի նպատակային ցուցանիշն ամրագրվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում՝ որպես կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման համար ուղղորդիչ թիրախ:
Վստահելի և հստակ հաղորդակցվող գնաճի նպատակային ցուցանիշը կարևոր ուղենիշ է տնտեսվարողների կողմից որոշումների կայացման, պայմանագրերի կնքման և գնաճային սպասումների ձևավորման գործընթացում: Միևնույն ժամանակ, գնաճի նպատակային ցուցանիշի ընտրությունը պետք է արտացոլի ՀՀ տնտեսության բնութագրերն ու առանձնահատկությունները և հաշվի առնի գնաճի ճշգրիտ չափման հետ կապված խնդիրները: Ժամանակի ընթացքում Կենտրոնական բանկը կարող է անհրաժեշտ և նպատակահարմար համարել գնաճի նպատակային ցուցանիշի վերանայումը, որը լավագույնս կարտացոլի տնտեսության երկարաժամկետ կառուցվածքային առանձնահատկությունները, վերջինիս շարժիչ ուժերը և երկրի տնտեսական զարգացման ու բարեկեցության բարելավման ապագա տեսլականը:
Ժամանակակից տնտեսագիտական գրականությունը փաստում է, որ գների կայունության նպատակին համահունչ գնաճի միջնաժամկետ թիրախի լավագույն և օպտիմալ մակարդակը զրոյական գնաճի ցուցանիշն է: Այնուամենայնիվ, գրականությունն առանձնացնում է նաև մի շարք փաստարկներ, որոնք կարող են բացատրել գործնականում ցածր դրական թիրախ ընտրելու հանգամանքը: Դրանց շարքում կարելի է առանձնացնել` անվանական տոկոսադրույքի զրոյական ստորին սահմանի, արտադրության գործոնների գների (հատկապես՝ աշխատավարձերի) դեպի ներքև կոշտությունների և գնաճի հաշվարկման վիճակագրական շեղումների գործոնները, որոնց պարագայում դրական ցածր գնաճի նպատակի սահմանումը համարվում է ընդունելի և օպտիմալ լուծում:
2005 թվականին ՀՀ ԿԲ-ը հրապարակել է «ՀՀ կենտրոնական բանկի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորում» փաստաթուղթը, որում որպես գնաճի նպատակային ցուցանիշ սահմանվել էր առավելագույնը 3% մակարդակը՝ որպես երկարատև ժամանակահատվածում գնաճի նպատակ: 2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԿԲ-ը պաշտոնապես ներդրել է գնաճի նպատակադրման ռազմավարությունը և, պահպանելով երկարատև ժամանակահատվածի համար գնաճի 3% նպատակը, միջին ժամկետի համար նպատակային ցուցանիշ է սահմանվել 4% գնաճը` ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով:
2006 թվականին գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունումից ի վեր` ԿԲ-ը հետևողականորեն ապահովել է առաջադրված 4% գնաճի նպատակը. այսպես՝ 2006-24թթ-ին ՀՀ- ում միջին 12-ամսյա գնաճը կազմել է շուրջ 4.0%: Սա ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության հաջողության և արդյունավետության կարևորագույն ցուցիչն է: Այնուամենայնիվ, պետք է նաև փաստենք, որ սա լիարժեքորեն չի արտահայտվել հասարակության մոտ գների կայունության ընկալման ձևավորմամբ և տարբեր տարածաշրջանային կամ ներքին ցնցումների ժամանակ հաճախ ՀՀ տնտեսությունը բախվում էր գնաճի ու գնաճային սպասումների ապախարսխման ռիսկերի: ՀՀ դրամավարկային քաղաքականության պատմության նմանատիպ իրավիճակները որոշակի ազդակներ են պարունակում առ այն, որ 4% թիրախային ցուցանիշը ներկա փուլում գուցե համադրելի չէր գների կայունության սահմանման հետ կամ գների կայունության պահպանման համար պահանջում էր զգալիորեն ավելի մեծ հասարակական ծախս:
2006 թվականին ՀՀ ԿԲ-ի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ներդրումից և գնաճի՝ 4% նպատակային մակարդակի սահմանումից ի վեր՝ ՀՀ ԿԲ-ը զգալի ներդրում է կատարել դրամավարկային քաղաքականության կանխատեսման և քաղաքականության վերլուծության (այսուհետ՝ ԿՔՎՀ) համակարգի զարգացման գործընթացում: Ժամանակի ընթացքում վերջինս ամուր հիմք է ստեղծել ներկայումս այդ ուղղությամբ լայնատարած բարեփոխումների իրականացման համար: Այս համատեքստում նաև, 2024 թվականին ՀՀ ԿԲ-ը պաշտոնապես ներդրել է նորարարական ու առաջադեմ՝ ռիսկերի և անորոշությունների խելամիտ կառավարմանն ուղղված դրամավարկային քաղաքականության մոտեցումը:
Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից ի վեր՝ Հայաստանի տնտեսությունը և տնտեսական իրավիճակը զգալիորեն բարելավվել է՝ դառնալով առավել ամուր, դիվերսիֆիկացված և միջազգայնորեն փոխկապակցված: Տնտեսական աճին և զարգացմանը զուգահեռ ՀՀ ԿԲ-ի կողմից գների կայունության և դրամավարկային քաղաքականության համապատասխան հիմնակարգն ու ռազմավարությունը նույնպես ենթարկվել են փոփոխությունների և զարգացել մի քանի փուլերով՝ ապահովելով ավելի ամուր դիրքավորում աճող ռիսկերի և անորոշությունների խելամիտ կառավարման համատեքստում: Վերջին տարիներին ՀՀ տնտեսությունում դիտարկվում է կառուցվածքային և ինստիտուցիոնալ հետևողական բարելավումներ, զարգացման էական ուղի է արձանագրում ֆինանսական համակարգը՝ թե՛ խորության, թե՛ ոլորտների բազմազանության, թե՛ գործիքակազմի զգալի ընդլայնման առումով: Հատկանշական է նաև, որ դրամավարկային և մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում, ինչպես նաև դրամավարկային համակարգերի զարգացման ուղղությամբ ձեռքբերված հաջողություններով ՀՀ-ը միջազգային փորձագետների և ներդրողների կողմից ներկայումս հիմնականում «դասվում» է առաջատար դրամավարկային համակարգով երկրների շարքին, որտեղ հիմնականում սահմանվում են ավելի ցածր գնաճի նպատակ:
Այսպիսով՝ ՀՀ տնտեսության և դրամավարկային համակարգի վերջին զարգացումներն ու ձեռքբերումներն ամուր հիմք են ստեղծում ՀՀ ԿԲ-ի համար շարունակելու դրամավարկային քաղաքականության նկատմամբ հանրության վստահության ամրապնդման, դրամավարկային քաղաքականության հիմնակարգի զարգացման և լայնամասշտաբ երկարաժամկետ բարեփոխումների աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ սահմանելով գների կայունության ընկալմանը և ֆինանսատնտեսական համակարգի ներկա կառուցվածքին համահունչ ավելի ցածր գնաճի նպատակային ցուցանիշ: Ըստ այդմ՝ 2025թ-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով:
Գնաճի նպատակի նվազեցումը, ըստ գնահատականների, դրական ազդեցություն կթողնի ֆինանսական և արժութային շուկաներում տատանումների մեղմման, բնակչության եկամուտների գնողունակության ավելացման և երկրի ներդրումային գրավչության բարձրացման վրա:
- Ուսումնասիրությունները վկայում են, որ ցածր գնաճը սովորաբար ուղեկցվում է գնաճի, տնտեսական աճի և ներդրումների ցածր տատանողականությամբ, ինչը պայմանավորված է դրամավարկային քաղաքականության հետ կապված անորոշությունների նվազման հետ: Այս համատեքստում, ցածր և կայուն գնաճը, ինչպես նաև նվազող անորոշությունները կարևոր նախապայման են երկարաժամկետ ներդրումների, սպառողների վստահության աճի և կայուն բարձր տնտեսական աճի ապահովման համար:
- Ցածր գնաճի նպատակի և ցածր գնաճային սպասումների առկայությունը կարևոր նախապայման է, տրված ռիսկի պայմաններում, շուկայական անվանական տոկոսադրույքների նվազման համար: Ավելին, հաշվի առնելով գնաճի մակարդակի և տատանողականության միջև կապը (որտեղ գնաճի ավելի ցածր մակարդակն ենթադրում է գնաճի առավել ցածր տատանողականություն), գնաճի ավելի ցածր նպատակային ցուցանիշը կարող է նպաստել երկրի ռիսկի հավելավճարի նվազմանը, ինչը կնպաստի իրական շուկայական տոկոսադրույքների նվազմանը: Վերջինս կարևոր հիմք է ստեղծում նաև երկարատև ժամանակահատվածում ներդրումների աճի համար:
- Ցածր և կայուն գնաճը, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության հետ կապված նվազող անորոշությունները կարևոր հիմք են ստեղծում նաև արժութային և ֆինանսական շուկաներում տատանողականության նվազման համար, քանի որ այն ապահովում է ավելի կանխատեսելի ու կայուն մակրոտնտեսական միջավայր ֆինանսական շուկաների գործունեության համար:
- Ցածր կայուն գնաճի ապահովումը նվազագույնի է հասցնում կոշտ և կարգավորվող գների, այդ թվում՝ ռազմավարական ապրանքների սակագների հաճախակի ճշգրտումների անհրաժեշտությունը, ինչպես նաև գնագոյացման գործընթացներում գնաճով կամ փոխարժեքով ինդեքսավորման գործողությունները: Այս համատեքստում, ցածր և կայուն գնաճը նպաստում է կոշտ և կարգավորվող գների սահմանման գործընթացում առավել կայուն և կանխատեսելի ուղեգծի արձանագրմանը:
- Ցածր և կայուն գնաճը նվազեցնում է ընկերությունների կողմից իրենց արտադրանքի գների վերանայման հետ կապված պահանջարկի դիտարկման, շուկայի ու մրցակիցների գնային քաղաքականության ուսումնասիրության և այլ հնարավոր ծախսերը: Տվյալ ծախսերի նվազեցումը կնպաստի ռեսուրսների առավել արդյունավետ բաշխմանը և ընդհանուր առմամբ արտադրողականության ու տնտեսական աճի ներուժի ավելացմանը:
- Ցածր գնաճի նպատակը ապահովում է հասարակության եկամուտների և աշխատավարձերի իրական գնողունակության կայունությունը: Սա հատկապես կարևոր է ՀՀ-ում կառուցվածքային բարձր գործազրկության իրավիճակում գործատուների կողմից աշխատավարձերը հաճախակի վերանայելու ցանկության բացակայության պայմաններում: Երկարաժամկետ հատվածում եկամուտների գնողունակության պահպանումը կարևոր նախապայման է աղքատության նվազեցման համար: Բացի այդ, ի տարբերություն եկամուտների ավելի բարձր մակարդակ ունեցող տնային տնտեսությունների՝ առավել աղքատ տնային տնտեսությունները սովորաբար հասանելիություն չունեն այնպիսի ֆինանսական գործիքների, որոնք կարող են նվազեցնել բարձր գնաճի հետևանքների հնարավոր ազդեցությունը: Այս պարագայում, բարձր գնաճի ազդեցությունը տնային տնտեսությունների վրա կարող է լինել անհամաչափ, ինչն իր հերթին կարող է հանգեցնել տնտեսությունում եկամուտների անհավասարաչափ բաշխվածության աճին: Այս համատեքստում, ցածր և կայուն գնաճը կարող է նպաստել անարդյունավետ վերելքի և վայրէջքի պարբերաշրջանների մեղմացմանը, որոնք, հատկապես, մեծ բացասական ազդեցություն են ունենում աղքատ տնային տնտեսությունների վրա՝ լրացուցիչ նպաստելով աղքատության նվազեցմանը:
- Գնաճի նպատակի նվազեցումն, ըստ էության, արտահայտում է սպառող կամ պարտք վերցնող հասարակությունից դեպի խնայող և ներդրող հասարակության վերափոխման գործընթացը: Բարձր, անկայուն և անկանխատեսելի գնաճը սովորաբար ձեռնտու է պարտապաններին, քանի որ այն նվազեցնում է պարտքի իրական արժեքը, մինչդեռ ցածր գնաճը ապահովում է խնայողությունների և ներդրումների ապագա արդյունքների գնողունակության կայունությունը: Հետևաբար ցածր և կայուն գնաճի ապահովումը, դրամի նկատմամբ վստահության աճին զուգահեռ, կհանգեցնի տնտեսությունում երկարաժամկետ խնայողությունների ծավալների ավելացմանը՝ անկախ անվանական տոկոսադրույքների նվազման հանգամանքից:
- Գնաճի նպատակի նվազեցման քայլը իր մեջ պարունակում է կարևոր հաղորդագրություն Կառավարության կողմից առավել շրջահայաց և կայուն հարկաբյուջետային քաղաքականության ապավինման և ԿԲ դրամավարկային քաղաքականության անկախության վերաբերյալ: Սա էական նպաստում կունենա տարբեր միջազգային վարկանշային ու հատկապես ներդրումային հարթակներում ՀՀ հեղինակության բարձրացման համար, ինչը կարևոր խթան կհանդիսանա երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներհոսքի համար:
Ամփոփելով, ըստ Կենտրոնական բանկի գնահատականների, գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը և 3% մակարդակում սահմանումը կարևոր նախապայման է ՀՀ տնտեսության երկարաժամկետ զարգացման հեռանկարի ուղղությամբ ԿԲ-ի և Կառավարության համատեղ տեսլականի իրականացման համար, ինչն իր դրական նպաստումը կունենա երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման և հասարակության բարեկեցության բարելավման գործընթացում։