Անգլիայի բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ մինչև 4.5%
Անգլիայի բանկը փետրվարյան նիստից հետո նվազեցրել է իր հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով: Դրույքը 4.75%-ից իջեցվել է մինչև 4.5%: Այս մասին ասվում է բրիտանական կենտրոնական բանկի հայտարարության մեջ:
Անցյալ տարի Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկը երկու անգամ նվազեցրեց տոկոսադրույքները, այդուհանդերձ, դրանք թողնելով 16 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 5.25%:
Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկի ղեկավարությունը նշել է, որ չորրորդ եռամսյակում գնաճը կազմել է 2.5%, ինչը վկայում է ներքին գնաճային ճնշումների մեղմացման մասին, թեև որոշ հատվածներում այդ ճնշումը դեռ սովորականից ավելի ուժեղ է:
Թագավորության գլխավոր դրամատանը կարծում են, որ էներգակիրների գների աճը կհանգեցնի գնաճի կարճաժամկետ արագացմանը մինչև 3.7% այս տարվա երրորդ եռամսյակում, որից հետո ցուցանիշը կրկին կնվազի և կմոտենա 2% թիրախին:
Բացի այդ, կարգավորիչը նշել է, որ Մեծ Բրիտանիայում տնտեսական աճի տեմպերն ավելի թույլ են եղել, քան նոյեմբերյան մակրոկանխատեսումը, իսկ սպառողների և բիզնեսի վստահության ցուցանիշները վատացել են: Անգլիայի բանկն ակնկալում է, որ աճը կշարունակվի նաև երկրորդ կիսամյակում:
Անգլիայի Բանկի հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 20-ին: