
AMX-ը վերահաստատել է համապատասխանությունը միջազգային ISO ստանդարտներին
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) հաջողությամբ վերահաստատել են ISO 27001:2022՝ տեղեկատվական անվտանգության կառավարման և ISO 9001:2015` որակի կառավարման համակարգերի ստանդարտներին համապատասխանությունը։ Այս ստանդարտներին համապատասխանության վերահաստատումը ևս մեկ անգամ վկայում է AMX խմբի շարունակական նվիրվածությունը՝ ապահովելու բարձր որակի, անվտանգ և վստահելի ծառայություններ իր գործընկերներին, հաճախորդներին և շուկայի մյուս մասնակիցներին։
Տեղեկատվական անվտանգության ոլորտում AMX-ը հետևողականորեն ներդնում է ժամանակակից համակարգեր և վերահսկողական գործիքներ՝ տեղեկատվական ռիսկերն արդյունավետ կառավարելու, տվյալների պաշտպանությունն ապահովելու և տեխնոլոգիական միջավայրը շարունակաբար բարելավելու նպատակով։
Տեղեկատվական ակտիվների մշտադիտարկումը, ինչպես նաև կառավարման մեխանիզմների շարունակական զարգացումը, ամրապնդում են վստահությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանում՝ ապահովելով կապիտալի շուկայի ծառայությունների մատուցման միջազգային մակարդակ։
AMX-ն առաջին անգամ միջազգային ISO հավաստագրում է անցել 2019 թվականին, և դրանից ի վեր յուրաքանչյուր տարի հաջողությամբ անցնում է վերահսկողական աուդիտներ՝ վերահաստատելով իր համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Որպես կապիտալի շուկայի հիմնական ենթակառուցվածք՝ AMX-ը կենտրոնական դեր է խաղում Հայաստանի ֆինանսական համակարգում՝ առաջարկելով բորսայական և դեպոզիտար ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեր ծառայությունները ներառում են արժեթղթերի ցուցակում, ֆինանսական գործիքների առևտուր, քլիրինգ և վերջնահաշվարկ, ակտիվների սպասարկում և ռեեստրավորման ծառայություններ՝ միավորելով տեխնոլոգիան, թափանցիկությունը և վստահությունը մեկ հարթակում։
Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի մասին. Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։