
Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդում Թրամփի թեկնածուն խոստացել է պահպանել կառույցի անկախությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Սթիվեն Միրանը խոստացել է պահպանել Կենտրոնական բանկի անկախությունը։
Նա Սենատի բանկային կոմիտեում լսումների ժամանակ ասել է, որ պատրաստ է դիմակայել արտաքին ազդեցությանը և որոշումներ ընդունել՝ հիմնվելով մակրոտնտեսական վերլուծության վրա: Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
«Հաշվի առնելով Fed-ի հսկայական դերը տնտեսության մեջ, զարմանալի չէ, որ արտաքին դիտորդները տասնամյակներով արտահայտել են իրենց կարծիքը դրա որոշումների վերաբերյալ», – նշել է Միրանը, որը ներկայումս գլխավորում է Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհուրդը։ Նրա համոզմամբ՝ «դրամավարկային քաղաքականության անկախությունը հաջողության համար վճռորոշ տարր է»։
Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Ադրիանա Կուգլերը վաղաժամ լքել էր Ֆեդերալի կառավարիչների խորհուրդը, որտեղ ընդգրկված էր 2023 թվականի սեպտեմբերից։ Նրա լիազորությունների ժամկետը սպառվելու էր 2026 թվականի հունվարի 31-ին։ Թրամփի ավելի վաղ հայտարարությամբ՝ Միրանը կմտնի ԴՊՀ-ի կառավարիչների խորհուրդ այդ ժամանակահատվածում՝ մինչ կընտրվի թեկնածու, որը կզբաղեցնի այս պաշտոնը մշտական հիմունքներով։