CME-ն և Silicon Data-ն 2026-ին կգործարկեն աշխարհում առաջին ֆյուչերսները՝ արհեստական բանականության համար հաշվարկային հզորությունների վրա
Ամերիկյան բորսայական օպերատոր CME Group-ը և վերլուծական Silicon Data ընկերությունը նախատեսում են այս տարի՝ կարգավորիչների կողմից ստուգումից հետո, գործարկել աշխարհում առաջին ֆյուչերսային շուկան հաշվարկային հզորությունների համար։ Այս մասին ասվում է CME-ի մամուլի հաղորդագրությունում։
Պայմանագրերը կապված կլինեն Silicon Data-ի ինդեքսների հետ, որոնք օրական ռեժիմով հետևում են գրաֆիկական պրոցեսորների հզորությունների վարձակալության արժեքին։ Դրանք առանցքային դեր են խաղում արհեստական բանականության մշակման գործում։ Նոր գործիքները թույլ կտան թրեյդերներին, ֆինանսական կազմակերպություններին, ամպային ծառայություններ մատուցողներին և ԱԲ մշակողներին կառավարել այս շուկայում գների ռիսկերը։
«Հաշվարկային հզորությունների շուկաները դեռևս խիստ մասնատված են, և գները կարող են զգալիորեն տարբեր լինել՝ կախված մատակարարից, տարածաշրջանից և պայմանագրի կառուցվածքից», – նշել է Silicon Data-ի գլխավոր գործադիր տնօրեն Կարմեն Լին՝ ընդգծելով, որ CME-ի հետ գործընկերությունը կարևոր քայլ է՝ հաշվարկային հզորությունների գնահատման, ռիսկերի հեջավորման և GPU շուկայում երկարաժամկետ պլանավորման համար ավելի հուսալի գործիքներ ստեղծելու ուղղությամբ։
Հեջավորման մեխանիզմի բացակայությունը սահմանափակում է տվյալների կենտրոններում ներդրումների աճը: Այս մասին հայտարարել է Silicon Data-ում ներդրում կատարած DRW թրեյդինգային ընկերության հիմնադիր և ղեկավար Դոն Ուիլսոնը։
«Հաշվարկային հզորությունների վրա ֆյուչերսային շուկայի գործարկումը կարևոր լուծում է այս խնդրի համար, որը կարող է օգնել շուկայի մասնակիցներին կառավարել գների տատանումները և ավելի մեծ վստահությամբ պլանավորել իրենց գործունեությունը»։
CME-ի գլխավոր գործադիր տնօրեն Թերի Դաֆին հաշվարկային հզորություններն անվանել է «21-րդ դարի նոր նավթ», որն արագորեն դառնում է ակտիվների առանձին դաս, և նշել է շուկայի աճող պահանջը՝ թափանցիկության, իրացվելիության և ռիսկերի արդյունավետ կառավարման նկատմամբ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

