Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
17/06/2026 16:07
Կիսվել

Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2025թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես.

  • 2025 թվականին ՀՀ տնտեսական աճի տեմպն արագացել է՝ նախորդ տարվա 5.9%-ի դիմաց կազմելով 7.1%։ Փաստացի տնտեսական աճը գերազանցել է ինչպես պետական բյուջեի հիմքում դրված 5.1% կանխատեսումը, այնպես էլ 2026թ. պետական բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական սցենարով վերանայված 5.2% սպասումը։ Տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների և շինարարության բարձր աճերով: Տնտեսության մյուս հիմնական ճյուղերը ևս դրական նպաստում են ունեցել տնտեսական աճին։ Սակայն, տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է պարունակել որոշակի խոցելիություններ` սահմանափակելով աճի կայունությունը։ Մասնավորապես` շինարարության բարձր աճը զգալիորեն պայմանավորված է եղել հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի ազդեցությամբ, իսկ արդյունաբերության կառուցվածքում պահպանվել է առանձին ենթաճյուղերից կախվածության բարձր մակարդակը (օրինակ՝ ոսկու վերաարտահանման ակտիվացմամբ պայմանավորված, որը թեև նվազել է նախորդ տարիների համեմատ):
  • 2025թ. պետական բյուջեի եկամուտների և հատկապես հարկային եկամուտների կատարողականը նախորդ տարվա համեմատ բարելավվել է՝ հիմնականում պայմանավորված կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով։ Պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,886.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 11.9%-ով և ապահովելով ճշտված պլանի 101.3% կատարողական, իսկ հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 2,725.2 մլրդ դրամ՝ աճելով 14.0%-ով և ապահովելով ճշտված պլանի 100.3% կատարողական։ Հարկային եկամուտների աճն ու գերակատարումն առավելապես պայմանավորված են եղել կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով, ինչպես նաև հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և շահութահարկի մուտքերի աճով։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ. 23.3%-ից բարելավվել է մինչև 24.0%, սակայն այն էականորեն ցածր է եղել բյուջեի հիմքում դրված 25.0% մակարդակից, ինչը ցույց է տալիս, որ եկամուտների բարձր աճի պայմաններում էլ հարկային ներուժի ամբողջական իրացումը շարունակում է մնալ կարևոր խնդիր։
  • Պետական բյուջեի ծախսերը զգալիորեն թերակատարվել են, ինչը նշանակում է, որ նախատեսված ծախսերի և ծրագրերի մի մասը չի իրականացվել: 2025թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են 3,305.3 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված պլանի նկատմամբ 95.8% կատարողական: Կապիտալ ծախսերը նույնպես թերակատարվել են, արձանագրվել է 89.6% կատարողական։ Ծախսերի, հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակում է մնալ պետական ֆինանսների կարևոր խնդիրներից մեկը։ Տնտեսության երկարաժամկետ աճի և պետական ներդրումների արդյունավետության տեսանկյունից կապիտալ ծախսերի ամբողջական և ժամանակին կատարումը պետք է լինի բյուջետային քաղաքականության կարևոր նպատակներից մեկը:
  • 2025թ. կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, սակայն պարտքի սպասարկման բեռը մնում է բարձր մակարդակում։ Չնայած պարտքի բացարձակ ծավալի աճին՝ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է՝ 47.7%-ից դառնալով 47.2%։ Պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումը դրական միտում է, սակայն պարտքի սպասարկման հետ կապված բեռը շարունակում է մնալ բարձր` հանդիսանալով մտահոգիչ գործոն։ Մասնավորապես, տոկոսավճարները 2025թ. կազմել են 349.1 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10.6%-ը։ Տոկոսավճարների բարձր մակարդակը խնդիր է այն առումով, որ բյուջեի զգալի միջոցներ ուղղվում են պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այդ միջոցների օգտագործման հնարավորություններն այլ առաջնահերթ, այդ թվում՝ կապիտալ ներդրումների և սոցիալական ծրագրերի ֆինանսավորման ուղղություններով։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11