ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲՅՈՒՋԵ 2010-Ի ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՄԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահակությունների մասին» օրինագիծը:
Բանախոսն արձանագրեց, որ նշված օրենքով նախատեսված չեն դեպքեր, երբ համաշխարհային եւ հանրապետության տնտեսությունում առկա զարգացումները Կառավարության գործունեությունից անկախ պատճառներով տվյալ տարում հնարավորություն չեն ընձեռում իրականացնել առաջիկա երեք տարվա կտրվածքով հարկաբյուջետային ցուցանիշների իրատեսական կանխատեսումներ:
Նա նշեց նաեւ, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է տարվա առաջին կիսամյակում եւ վերջինիս հարկաբյուջետային ցուցանիշների կանխատեսումների հիմքում նախորդ տարիների համապատասխան տվյալների հետ մեկտեղ դրվում են նաեւ տնտեսությունում տվյալ տարվա առաջին 3-ից 5 ամսվա ժամանակահատվածն ընդգրկող զարգացումներն արտահայտող տվյալներ, որոնցով տնտեսությունում ոչ բնական` դժվար կանխատեսվող զարգացումների ծավալման պայմաններում հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել այդ տարում զարգացումների տարեկան սպասվող արդյունքների մասին: Նման պայմաններում կատարված հարկաբյուջետային ցուցանիշների կանխատեսումների կիրառումը, անշուշտ, բացասաբար կանդրադառնա ինչպես տվյալ տարում մշակվելիք ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ընդհանուր որակի վրա (էականորեն նվազեցնելով վերջինիս նշանակությունը), այդպես էլ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի վրա: Ի տարբերություն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակումը եւ լրամշակումն իրականացվում է, որպես կանոն, տարվա օգոստոս-նոյեմբեր ամիսներին, եւ այդ ժամանակահատվածում անշուշտ ավելի կանխատեսելի են տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների` տվյալ եւ առաջիկա տարվա սպասումները: Հետեւաբար, դրա հիման վրա կատարված հարկաբյուջետային կանխատեսումների իրատեսության աստիճանը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման շրջանակներում կատարված կանխատեսումների նկատմամբ կլինի անհամեմատ ավելի բարձր:
Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող ճգնաժամային երեւույթներով պայմանավորված` հանրապետության տնտեսությունում ոչ բնական, դժվար կանխատեսվող զարգացումների ծավալման պայմաններում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման գործընթացը կորցնում է իր իմաստն ու արդիականությունը եւ ՀՀ կառավարության ու հանրության համար նշված ծրագրի ուղղորդիչ դերակատարումը անխուսափելիորեն վերափոխվում է ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածման դերով:
Պարոն Սաֆարյանը նշեց, որ 2009 թվականին պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նման դերից զերծ պահելու նպատակով վերը նշված օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը չկազմել եւ ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չտարածել օրենքի մի շարք հոդվածների որոշ դրույթների գործողությունը` ՀՀ 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա գնահատմամբ` խնդիրը բխում է օբյեկտիվ իրողություններից, որոնք պայմանավորված են համաշխարհային տնտեսության առկա զարգացումներով. բոլոր երկրներում փոխվում են տնտեսական ցուցանիշներն ու կանխատեսումները: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում հարցը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն: