Համաշխարհային շուկաները բախվել են փոխառությունների արժեքի ռեկորդային աճի
Համաշխարհային տնտեսությունը բախվում է փոխառությունների արժեքի լայնածավալ աճի՝ գլոբալ պարտատոմսերի շուկայում վաճառքների ֆոնին, հայտնում է CNBC-ն։ Պետական արժեթղթերի եկամտաբերությունը հասել է բազմամյա առավելագույնների․ ԱՄՆ-ի 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը թարմացրել է 2023 թվականի նոյեմբերից ի վեր գրանցված առավելագույնը, Գերմանիայի պետական պարտքի եկամտաբերությունը հասել է 2011 թվականից ի վեր ռեկորդային մակարդակի, իսկ բրիտանական արժեթղթերը գերազանցել են 2008 թվականի առավելագույն ցուցանիշները։
Ներկայիս միտումները պայմանավորված են պարտքի լայնածավալ թողարկմամբ, նավթային շոկերով և կենտրոնական բանկերի կողմից խիստ դրամավարկային քաղաքականության երկարատև պահպանման սպասումներով։
Վարկերի թանկացումը լուրջ ճնշում է գործադրում պետությունների, կորպորատիվ հատվածի և սպառողների վրա։ Փորձագետների խոսքով՝ զարգացած երկրների շարքում առավել խոցելի են մեծ բյուջետային պակասուրդ և բարձր պարտքային բեռ ունեցող պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան և Ճապոնիան, որտեղ պետական պարտքի սպասարկման ծախսերը մինչև 2026 ֆինանսական տարին կարող են գերազանցել պետական ծախսերի 25%-ը։
Կորպորատիվ հատվածում առավել մեծ ռիսկի տակ են հայտնվել լողացող տոկոսադրույքով վարկեր ունեցող ընկերությունները, առևտրային անշարժ գույքի ոլորտը և տեխնոլոգիական հատվածը, որն ակտիվորեն կապիտալ է ներգրավում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար։
Տոկոսադրույքների աճը նաև անհավասար բեռ է ստեղծում բնակչության տարբեր խմբերի համար․ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններն առաջինն են զգալու հիփոթեքային և ավտովարկերի վճարումների ծանրությունը, մինչդեռ ապահովված քաղաքացիները կարող են շահել խնայողությունների եկամտաբերության բարձրացումից։
Ֆոնդային շուկաները առայժմ կայունություն են ցուցաբերում, սակայն թանկ փոխառությունները նվազեցնում են բաժնետոմսերի գրավչությունը՝ համեմատած հուսալի պետական արժեթղթերի հետ։ Deutsche Bank-ում հաշվարկել են, որ առաջիկա տարվա ընթացքում 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը կարող է աճել մինչև մոտ 5.5%, նախքան արժեթղթերի գների անկումից առաջացած կապիտալ կորուստները կգերազանցեն ներդրողների կտրոնային եկամուտները։
Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ համաշխարհային պետական պարտատոմսերի շուկաներում լայնածավալ վաճառքներ են սկսվել։ ԱՄՆ-ի 10-ամյա գանձապետական արժեթղթերի եկամտաբերությունը կայունացել է 4.8%-ից բարձր մակարդակում, գերմանական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մինչև 3.375%, իսկ ճապոնական ակտիվների ցուցանիշը երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ գերազանցել է 3.016%-ը։ Բրիտանական արժեթղթերի եկամտաբերությունը հասել է 5.25%-ի, ինչը 2008 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
