Ամերիկացիներին խոստացել են աշխատավարձերի աճ՝ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության կարգավորումից հետո ամերիկացիներին սպասվում է աշխատավարձերի աճ։
«Այժմ մենք ականատես ենք լինում էներգետիկ ոլորտում այս շոկին, որը պայմանավորված է Իրանի հետ հակամարտությամբ։ Գնաճի ընդհանուր մակարդակը կազմում է մոտ 3.5%: Աշխատավարձերի միջին աճը մոտ 3.5-3.7% է, ինչը գրեթե համապատասխանում է ընդհանուր գնաճին։ Մենք կհաղթահարենք Իրանի հետ այս հակամարտությունը։ Էներգակիրների գները կրկին կնվազեն, իսկ աշխատավարձերի աճը կշարունակվի», – ասել է նա Փենսիլվանիա նահանգի Առևտրի պալատի միջոցառման ժամանակ։
Բեսենթի ելույթի տեսագրությունը ֆինանսների նախարարությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։
Նախարարի խոսքով՝ արդյունաբերական ոլորտում ընդհանուր առմամբ աշխատատեղերի աճ է գրանցվում, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք իշխանությունները կրճատել են պետական ծառայողների շուրջ 300 հազար հաստիք։
«Աշխատավարձերի իրական աճը տեղի է ունենում մասնավոր հատվածում։ Եվ կարծում եմ՝ մենք այժմ ականատես ենք լինում այս ոլորտում արագացման միայն սկզբին», – հավելել է նա։
