Deutsche Bank-ի ղեկավարը նախազգուշացրել է Գերմանիայում ներդրումային միջավայրի ռիսկերի մասին
Deutsche Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Զևինգը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել արագացնել տնտեսական բարեփոխումները, կրճատել բյուրոկրատական խոչընդոտները և վերանայել աշխատանքային օրենսդրությունը։ Նրա գնահատմամբ՝ կառավարության իրականացրած բարեփոխումները բավարար արագությամբ և հետևողականությամբ չեն ընթանում, ինչը բացասաբար է անդրադառնում երկրի գործարար և ներդրումային միջավայրի վրա։
Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում Զևինգն առաջարկել է էապես պարզեցնել վարչարարությունը՝ ներդնելով դիմումների ավտոմատ հաստատման սկզբունքը։ Մասնավորապես, եթե պետական մարմինը երեք-չորս ամսվա ընթացքում չի արձագանքում ներկայացված դիմումին, այն պետք է ինքնաբերաբար համարվի հաստատված։
Deutsche Bank-ի ղեկավարը նաև անհրաժեշտ է համարում վերանայել աշխատանքից ազատման դեմ աշխատողների պաշտպանության գործող մեխանիզմները։ Նրա խոսքով՝ աշխատանքային օրենսդրության խիստ պահանջները խոչընդոտում են գերմանական ընկերություններին արագ հարմարվել համաշխարհային տնտեսության փոփոխվող պայմաններին։
Զևինգը հիշեցրել է, որ առաջին քայլով աշխատանքից ազատման պաշտպանության երաշխիքները սահմանափակվել են տարեկան €180 հազարից ավելի եկամուտ ունեցող աշխատողների համար։ Նրա կարծիքով՝ այդ շեմը պետք է հետագայում ևս նվազեցնել։
Անդրադառնալով կառավարության գործունեությանը՝ բանկի ղեկավարը նշել է, որ իշխանություններն արդեն հասկանում են անհրաժեշտ բարեփոխումների ուղղությունները, սակայն դրանց իրականացման համար պակասում են արագությունն ու հետևողականությունը։
«Կարծում եմ՝ մենք պետք է արագացնենք որոշումների իրականացումը և ավելի հետևողական գործենք։ Չի կարելի անընդհատ փոխզիջումների գնալ», — ընդգծել է Զևինգը։
Նա նաև մտահոգություն է հայտնել Գերմանիայում աջակողմյան և ձախակողմյան քաղաքական շարժումների ազդեցության աճի կապակցությամբ՝ երկրի քաղաքական իրավիճակը որակելով որպես «լուրջ ռիսկ Գերմանիայի համար»։
Զևինգի խոսքով՝ առանձին դաշնային երկրներում ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Բեռլինում խոշոր սեփականատերերից անշարժ գույքի հնարավոր հարկադիր օտարման վերաբերյալ քննարկումները մտահոգություն են առաջացնում օտարերկրյա ներդրողների շրջանում։
