ԵԿԲ-ն միաձայն որոշել է անփոփոխ թողնել տոկոսադրույքները
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կառավարիչների խորհուրդը միաձայն որոշել է անփոփոխ թողնել բոլոր երեք հիմնական տոկոսադրույքները։ Այս մասին նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը։
Լագարդի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել է նաև տոկոսադրույքների բարձրացման հարցը։ Քննարկումների արդյունքում ԵԿԲ ղեկավարությունը եկել է համաձայնության, որ ներկայում կարգավորիչը բարենպաստ դիրքում է՝ սպասելու նոր տվյալների հրապարակմանը՝ նախքան դրամավարկային քաղաքականության ուղղության մեջ փոփոխություններ կատարելը։
ԵԿԲ-ն անփոփոխ է թողել ավանդների տոկոսադրույքը՝ տարեկան 2.5%, վերաֆինանսավորման հիմնական գործառնությունների տոկոսադրույքը` 2.65%, և սահմանային վարկավորման տոկոսադրույքը՝ 2.9%։ Տարեսկզբից տոկոսադրույքները բարձրացվել են երկու անգամ՝ ընդհանուր առմամբ 50 բազիսային կետով։
Վերլուծաբաններն ու շուկայի մասնակիցները հիմնականում ակնկալում են, որ ԵԿԲ-ն տարվա վերջին նիստում տոկոսադրույքները կբարձրացնի 25 բազիսային կետով։
