ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ հաստատել է 2014թ. Բյուջեի տարեկան հաշվետվությունը
Հունիսի 4-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ դրական եզրակացությամբ հաստատել է «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Հեղինակի՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկով, մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը:
Նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին տեղեկատվություն է ներկայացրել 2015 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ 2015 թվականի առաջին եռամսյակի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության զարգացումն ընթանում է նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ` հիմնականում պայմանավորված առեւտրի ոլորտի անկմամբ: Տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը եղել է գյուղատնտեսությունը: 2015 թվականի առաջին եռամսյակի միջին գնաճը կազմել է 5.1%: Արձանագրվել է պետական բյուջեի ընդհանուր եկամուտների անվանական շուրջ 2.5% եւ ծախսերի գծով 11.9% աճ: Հարկաբյուջետային քաղաքականությունը 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամբողջական պահանջարկի վրա թողել է ընդլայնող ազդեցություն: 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է արտաքին հատվածի ցուցանիշների վատթարացում. նվազել են ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը եւ Հայաստան ներհոսող տրանֆերտները:
Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում կարեւոր եւ անհրաժեշտ են համարել նման պարբերականությամբ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումների անցկացումը:
ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի զեկուցմամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ Վերահսկիչ պալատի երկու ընթացիկ հաշվետվությունները՝ ՀՀ Արմավիրի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների եւ երկրորդ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող` «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկակակ անձանց», «Հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության եւ խնամքի ծառայություններ»,«Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ: Արդյունքում հանձնաժողովը որոշել է երկրորդ հաշվետվության վերաբերյալ շարունակել ուսումնասիրությունը հաջորդ նիստում՝ որոշելու հետագա քննարկում կազմակերպելու նպատակահարմարությունը: