Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության ծրագիրը
21/10/2016 18:26
Կիսվել

Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին շարունակել է քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները: Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանն անդրադարձել է ծրագրի դրույթներին եւ դրական գնահատել դրանում ներկայացված մոտեցումները, կարեւորել ապրանքների արտադրմանն ու արտահանման խթանմանն ուղղված կառավարության մոտեցումները: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել արմատական բարեփոխումներ: Նա ծրագիրն առանձնահատուկ է համարել իր հստակությամբ, խոսել գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորել է ծրագիրն իր հեռանկարայնությամբ, շարունակական ծրագրերով եւ հստակությամբ: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ ծրագիրը նշանակալի է ելքեր առաջարկելու տեսանկյունից, համաձայն որոնց՝ ներդրումների ներգրավման, տնտեսական զարգացման համար առաջարկվում են նոր մոտեցումներ: Ծրագիրը, նշել է ԱԺ փոխնախագահը, թեպետ կառավարության կես տարվա գործունեության համար է, այնուամենայնիվ նախանշում է առկա խնդիրների արագ ու ճշգրիտ լուծումներ: ԱԺ փոխնախագահը նաեւ խոսել է պետական կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված դրույթներից, համակարգում հնարավոր կրճատումներից, առաջարկել 10 տոկոսով բարձրացնել պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը: Նա վստահություն է հայտնել, որ կառավարությունն ի զորու է լինելու իրականացնել իր ծրագիրը:

Արամ Մանուկյանը ներկայացրել է իր դիտողությունները, ըստ որոնց՝ կառավարության ծրագրում անդրադարձ չկա երկրից բիզնեսի, ինչպես նաեւ մարդկային արտահոսքի խնդիրներին, Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած սպառնալիքներին: Պատգամավորն անդրադարձել է նախորդ կառավարությունների ծրագրերի չկատարված դրույթներին, քննարկվող ծրագրում առկա հակասություններին: Գագիկ Մելիքյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում տեղի ունեցած իրադարձություններին, ծրագրի սկզբունքային դրույթներին: Նա ծրագիրը գնահատել է որպես անցումային եւ հստակ, որն իրագործվելու է քաղաքական նոր իրավիճակում: Պատգամավորը գոհունակություն է հայտնել բազմաթիվ ելույթներում նկատված միասնականության կապակցությամբ եւ հավաստիացրել, որ պատրաստակամ է աջակցելու ծրագրի իրականացմանը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները նույնպես հայտնել են իրենց տեսակետները:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորել է մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ իրական պայքարը, անդրադարձել տնտեսության խնդիրներին, հանրապետությունում ապրանքների եւ սննդամթերքի բարձր գներին եւ այլն: Խմբակցության ղեկավարը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրում որեւէ կետ չկա այն մասին, թե ինչպես պետք է ետ բերվեն օֆշորային գոտիներ արտահանված ստվերային գումարները: Պատգամավորն անհրաժեշտ է համարել կատարել քայլեր, որոնք կկրճատեն աղքատությունը: Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անիմաստ է համարել անդրադարձը նախկինում կատարված սխալներին, կարեւորել քննարկվող ծրագիրը, որը, նրա համոզմամբ՝ հստակ բարեփոխումներ է իրականացնելու: Նա կարեւորել է ծրագրի իրագործման համար նախադրյալների ստեղծումը եւ վստահություն հայտնել, որ կառավարության՝ ոչ ստանդարտ եւ համարձակ քայլերով այս ծրագրի իրագործումը մեզ մոտեցնելու է արժանապատիվ ապրելու նպատակին եւ երկրի երկարաժամկետ զարգացման կայուն հիմքեր է ստեղծելու: Նա նշել է, որ ՀՅԴ կուսակցությունն աջակից է լինելու ծրագրի իրականացմանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նորանշանակ կառավարության գործունեությանը: Նա կարծիք է հայտնել, որ դեռեւս չկան հիմքեր՝ հավատալու ծրագրում նշված բազմաթիվ դրական դրույթների իրականացմանը, տեսանելի չեն քայլեր, որոնք ուղղված կլինեին, բանախոսի գնահատմամբ՝ կոռումպացված համակարգն արմատախիլ անելուն եւ տնտեսության զարգացմանը: Խմբակցության ղեկավարի կարծիքով, ծրագրում չկան նաեւ դրույթներ, թե ինչ արդյունքներ են ակնկալվում ծրագրի կենսագործումից: Բացի այդ՝ ծրագրում չկան դրույթներ, որոնք պետք է արմատախիլ անեն կոռումպացված համակարգը եւ մենաշնորհները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է բիզնեսի զարգացման խոչընդոտներին, ներկայացրել իր տեսակետը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման հարցում: Նրա գնահատմամբ՝ այս հարցում ոչ թե հատվածական, այլ համալիր լուծումներ են անհրաժեշտ: Նշվել է, որ ԲՀԿ խմբակցության կուսակցական պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ կառուցողական ծրագիր է ներկայացված: Խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ստանդարտ մոտեցումներով նպատակին հասնել հնարավոր չի լինի: Նա զուգահեռներ է անցկացրել երկրի տնտեսական զարգացման եւ կրթական համակարգի միջեւ ու կարծիք հայտնել, որ պետք է կրթական համակարգում ուսումնասիրել մասնագիտությունների պահանջարկը եւ տեղայնացնել ըստ մարզերի: Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, ծրագրի հանդեպ ժխտողական կեցվածքը համարել ոչ ճիշտ: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել նախագծին՝ համարելով, որ այն մեր երկրի զարգացման ծրագիրն է:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին շահագրգիռ քննարկման համար եւ նշել, որ անկախ քվեարկությունից՝ կառավարությունը բաց է առարկայական եւ գործնական առաջարկների ու քննադատությունների հարցում: Պարոն Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանականների առաջարկներին ու մտահոգություններին:

Քվեարկության արդյունքում խորհրդարանը 85 կողմ, 6 ձեռնպահ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45