ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ 9-ՐԴ ՆԻՍՏԸ
ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 9-րդ նիստն այսօր շարունակեց իր աշխատանքները: Այն քննարկում է ԱՊՀ կտրվածքով հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Նիստն իր երկօրյա աշխատանքներն սկսել է երեկ եւ անցկացվում է դռնփակ:
Այս քննարկումները նպատակ ունեն նաեւ այդ կառույցի անդամ երկրների արժեթղթերի շուկաների զարգացման համար մեկ ընդհանուր հարթակ ստեղծել: Քննարկվում են նաեւ այդ երկրների կտրվածքով ընդհանուր օրենսդրական դաշտի մշակմանը վերաբերող հարցեր: Ներկայացվում է խորհրդի կողմից նախկինում տրված հանձնարարությունների կատարման ընթացքը:
ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը 2008թ.-ից նախագահում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003թ. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկա պահին խորհրդի կազմում ընդգրկված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: