Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները
07/06/2019 20:31
Կիսվել

ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի հունիսի 7-ին  գումարվել է ՀՀ  Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ արտահերթ նիստի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ: Հաջորդ օրերին ժամը 13:00-ից կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ:

Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանվել է  կես ժամ:

Ընդունված մեկ այլ որոշման համաձայն՝ օրակարգում ընդգրկված որոշ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանն ընդունել է նաեւ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգը, որից հետո առաջին ընթերցմամբ քննարկել  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ  Արտակ Ասատրյանը:

Առաջարկվում է օրենքի 45-րդ եւ 46-րդ հոդվածներում ամրագրված  «2019 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով, որի  ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել պարտադիր պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի հրապարակման անընդհատությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նախագծի ընդունումը համարելով հրատապ:

Արտակ Ասատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է սահմանել, որ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հրդեհային անվտանգության, պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների ու հողօգտագործման ոլորտներում կատարվող իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող եւ կամ պատասխանատվություն սաhմանող մարմինը Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:

 Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական  եզրակացություն է տվել:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Արտակ Ասատրյանը:

Առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը: Հաստատումից հետո ծառայության քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով  վերանշանակվում են՝ առանց մրցույթի եւ ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, բացառությամբ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների: Վերջիններս կարող են օրենքով սահմանված կարգով վերանշանակվել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում: Չնշանակված քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագիծը վերաբերում է նշված կառույցի շուրջ 300 աշխատակցի:

Հաջորդիվ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը» կից օրենսդրական փաթեթով:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է  առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ  մինչեւ օրենսդրական փաթեթի մշակումը  բազմակողմ եւ խորքային վերլուծություններ են արվել՝ ախտորոշելու երկրի տնտեսության ներկա վիճակը: Ուսումնասիրությունների արդյունքում  պարզվել է, որ վերջին տարիներին տնտեսության զարգացման միտումներն անհանգստացնող  են, քանի որ արտահանմանը կողմնորոշված ոլորտներում շահութաբերությունը 40-50 տոկոսով ավելի ցածր է եղել, քան երկրի ներքին սպառմանը  կողմնորոշված  ոլորտներում: Որպես  ուղղակի հետեւանք՝ ներդրումները հոսում են դեպի ավելի շահութաբեր ոլորտներ այն դեպքում, երբ արտահանմանը կողմնորոշված ոլորտներում 4-4,5 անգամ ավելի քիչ ներդրումներ են կատարվում: Ըստ փոխնախարարի՝ նման իրավիճակը փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկրների  համար    մարտահրավեր է:

Նախագծով առաջարկվում է 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը եւ  ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ` 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել մինչեւ 20 տոկոս:

Նշվել է, որ նախագծով ավելացված արժեքի հարկի բարձրացում չի նախատեսվում,  քանի որ այդ հարկատեսակի բարձրացումն ուղղակիորեն մեծացնում է աղքատությունը: Փոխարենը Կառավարությունն առաջարկում է որոշ ապրանքատեսակների համար բարձրացնել ակցիզային դրույքաչափերը, քանի որ գործող համակարգը մի շարք բացասական կողմեր ունի:

Պարզեցման նպատակով Կառավարությունն առաջարկում է  հնգաստիճան հարկային համակարգից անցում կատարել եռաստիճանի: Ըստ զեկուցողի՝ երկրի շուրջ 94 հազար հարկ վճարողները հարկերը վճարում են  հնգաստիճան համակարգում, որը բարդացնում է հարկային վարչարարությունը:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախապես նպատակ կար էականորեն բարձրացնել գրավատների եւ փոխանակման կետերի գործունեության համար  պետական տուրքերի դրույքաչափերը՝ սահմանելով դրանք համապատասխանաբար 6 եւ 3  միլիոն դրամ,  սակայն ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացված շահագրգիռ քննարկումների արդյունքում փոխհամաձայնություն է կայացվել, ըստ որի՝  նախատեսված դրույքաչափերը  որոշակիորեն  կնվազեցվեն:

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար եւ ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ:

Նախատեսվում է, որ  փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են հարկային փոփոխություններին, մասնավորապես առաջարկվող համակարգին անցած այլ պետությունների փորձի ուսումնասիրմանը, հարկման սոցիալական արդարության բաղադրիչին, գույքահարկի հաշվարկի բազայի փոփոխմանը, հարստությունը հարկելու մոտեցմանը, շրջանառության հարկի փոխարինումը հաստատագրված հարկի վճարումներով, նախաձեռնության տրամաբանությանը, վառելիքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմանը, արտոնագրային վճարի հարկման դաշտի կրճատմանը, համահարթ եկամտային հարկի ներդրմանը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա տեղեկացրել է, որ նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովին կից ստեղծված՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության աշխատանքային խմբով, շահագրգիռ կողմերի հետ, անցկացվել են խորհրդարանական լսումներ: Սակայն որոշ հարցեր մնացել են չկարգավորված, որոնք, ըստ Բաբկեն Թունյանի, առաջինից երկրորդ ընթերցում հնարավոր կլինի լուծել: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ անհնար է ունենալ այնպիսի փաթեթ, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Զեկուցողը վստահեցրել է, որ հանձնաժողովն առաջիկայում կկազմակերպի մասնագիտական քննարկում: Նշվել է, որ թե՛ պատգամավորների, թե՛ առանձին կազմակերպությունների կողմից ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Բաբկեն Թունյանը կոչ է արել պատգամավորներին կողմ քվեարկել:

Նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել մեկ տասնյակից ավելի պատգամավորներ

Արկադի Խաչատրյանը փաստել է, որ նախագծի ներկայացված խմբագրությամբ ընդունման դեպքում տարեկան 4 տոկոսով նախատեսված է բարձրացում ակցիզային հարկերի մասով՝ մասնավորապես բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի, նավթամթերքի համար: Պատգամավորի խոսքով՝ վառելիքի թանկացումն ազդելու է տրանսպորտային ծախսերի ավելացմանը՝ մեծանալու է ուղեվարձի թանկացման հավանականությունը, բարձրանալու են գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ծախսերը:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ հարկային փոփոխությունների վերաբերյալ սպասումներն այլ են եղել: Պատգամավորի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները չեն նպաստելու գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների վերացմանը:

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ մեկ տարվա ընթացքում իրականացվող փոփոխությունների արդյունքում Հարկային օրենսգիրքը չի պարզեցվել եւ չի դարձել մատչելի. ավելին՝ այն չի համապատասխանեցվել իրավական պետության եւ իրավական որոշակիության սկզբունքներին:

Գուրգեն Բաղդասարյանը մտահոգություն է հայտնել չորս տարի անընդմեջ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման գաղափարի վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ ինչպես որոշ երկրներում է տեղի ունենում, Հայաստան եւս մաքսանենգ ճանապարհով կեղծ մակնանշումով ապրանքներ կներթափանցեն:

Արման Եղոյանը խոսել է համահարթերցման եւ վարձու աշխատողների խնդրի վերաբերյալ, անընդունելի համարել բարձր եւ ցածր վարձատրվողների միջեւ դասակարգում մտցնելու տեսակետները: Սոցիալական արդարության վերականգնման սկզբունքների համատեքստում պատգամավորը կարեւորել է հարցի կարգավորումը գույքահարկի եւ ճոխության հարկի, հարկային վարչարարության միջոցով:

Արտյոմ Ծառուկյանն անդրադարձել է ԱԱՀ-ի շեմի վերականգնմանը, ակցիզային հարկի բարձրացմանը վերաբերող կարգավորումներին: Ըստ նրա՝ արդյո՞ք հարկային օրենսգիրքն անընդհատ փոխելով չենք խանգարում ներդրողներին:

Գեւորգ Պապոյանն առաջարկված կարգավորումների վերաբերյալ ավելի քան մեկ տասնյակ առաջարկներ է ուղարկել կառավարություն: Պատգամավորը կողմ է քվեարկելու նախաձեռնությանը՝ համոզմունք հայտնելով, որ փոփոխությունները միտված են արտահանման խթանմանը եւ արտադրության զարգացմանը:

Վիկտոր Ենգիբարյանը կարեւորել է հանրության համար հարկային օրենսգրքի մատչելիությունը՝ նշելով, որ կողմ է առաջարկվող փոփոխություններին:

Արման Աբովյանն անդրադարձել է օրենքի ընդունման նպատակահարմարությանը եւ ներկայացրել մի շարք երկրներում համահարթեցման օրենսդրության կիրառման փորձը:

Կարեւորելով առաջարկվող կարգավորումները՝ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախագծում արտացոլված են հանրության ակնկալիքներն ու պահանջները:

Մի շարք խնդիրների անդրադառնալով՝ Արմեն Փամբուխչյանը խոսել է վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի վճարների բարձրացման մասին՝ առաջարկելով մասնաճյուղերի փոխարեն բացել գրասենյակներ:

Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ պետք է ոլորտում  խաղի հստակ կանոններ սահմանվեն: Նա կարեւորել է սպառման եւ ներդրումների վրա հարկեր դնելու  հարցում հավասարակշռությունը: Պատգամավորը կողմ է հարստության, այլ ոչ թե եկամուտների հարկմանը:

Եղիշե Սողոմոնյանի կարծիքով՝ նախաձեռնությունը նախապայմաններ կստեղծի տնտեսության զարգացման, նաեւ տնտեսական հեղափոխության իրականացման համար. Պատգամավորը գործընկերներին կոչ է  արել առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացնել:

Հայկ Գեւորգյանը, վկայակոչելով կոնկրետ օրինակներ, կարծիք է հայտնել, որ 4 տոկոսով ակցիզային հարկի բարձրացման արդյունքում թանկացումները քաղաքացիների համար կլինեն ոչ էական:

Վարազդատ Կարապետյանի գնահատմամբ՝ աշխատանքի վրա դրվող հարկերը պետք է կրճատվեն, ավելի շատ հարկվի հարստությունը, կուտակված կապիտալը: Նա կարեւորել է եկամուտների տարանջատումը եւ հարկման մեխանիզմը պարզելը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետն արտահայտելով՝ Մանե Թանդիլյանը կարծիք է հայտնել, որ կառավարությունը բերել է հին հարկային օրենսգրքի կոսմետիկ փոփոխություն, որը չի կարող բերել իրավական որոշակիության պահպանմանը չի կարող վարչարարությունը չփոփոխելը բերել օրենսգրքի բարեփոխման: Խմբակցության ներկայացուցիչը կարեւորել է չհարկվող շեմի սահմանումը: Ըստ նրա՝ պետք է բերվի նոր հարկային օրենսգիրք՝ նոր փիլիսոփայությամբ, նոր մոտեցումներով, սպառողի համար պարզեցված ու հասկանալի:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը՝ կարծիք հայտնելով, որ նախագծով սոցիալական անարդարությունն ընդգծվում է: Նա Հարկային օրենսգրքի համատեքստում կարեւորել է նոր աշխատատեղերի ստեղծումը եւ ներդրումների ծավալի խթանումը: Խմբակցության ներկայացուցչի գնահատմամբ՝ խնդիրը ներդրումներ անելն ու մրցակցային ապրանքային շուկաներում կենտրոնացվածությունը հաղթահարելն է: ԲՀԿ խմբակցությունը դեմ է նախաձեռնությանը, քանի որ այն չի լուծում առկա խնդիրները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Եղիշե Սողոմոնյանը: Նա խոսել է Հարկային օրենսգիրքը բարելավվող կարգավորումների վերաբերյալ՝ կարծիք հայտնելով, որ մեկ տարում հնարավոր չէ ընդունել նոր օրենսգիրք: Պատրաստակամություն հայտնելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում անդրադառնալ ընդդիմադիրների կողմից բարձրացված հարցերին եւ գտնել լուծումներ՝ Եղիշե Սողոմոնյանը կոչ է արել կողմ քվեարկել տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ առաջարկող փաթեթին:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած մտահոգություններին, ներկայացրել իր դիտարկումները նախաձեռնության վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարը համեմատականներ է անցկացրել գործող օրենսգրքի կարգավորումների եւ առաջարկվող փոփոխությունների միջեւ՝ մատնանշելով դրական լուծումները:

Եզրափակիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ: Նշվել է, որ նախաձեռնությամբ լուծվում են հրատապություն ունեցող խնդիրներ՝ որոշակիորեն բարելավելով գործարար միջավայրը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են արտահերթ նիստի ընթացքում քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Խորհրդարանը կշարունակի արտահերթ նիստի աշխատանքը հունիսի 11-ին՝ ժամը 13:00-ին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98