
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 6 ԱՈՒԴԻՏՈՐ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա երկրորդ քննության արդյունքները: Հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 9-ը, որոնցից 5-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 1 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 2-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 174 աուդիտոր: