ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ – 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ
2009 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 103.1 եւ 90.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.6%-ով, ծախսերի գծով` 17.2%-ով:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 9.7%-ով կամ 14.9 մլրդ դրամով: Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ, որը կազմել է 16.7% կամ 21.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 251.2 մլն դրամով` 1.2%-ով, և 3.7 մլրդ դրամով `68.6%-ով: Պաշտոնական դրամաշնորհները կազմել են ավելի քան 2.5 մլրդ դրամ` նախորդ տարվա 18.5 մլն դրամի դիմաց:
Պետական բյուջեի եկամուտների 76.3%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.4%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.6%-ը` այլ եկամուտների եւ 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 3.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 3.1 մլրդ դրամի դիմաց:
2009 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 106.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 103.6%-ով ապահովելով եռամսյակային ճշտված ծրագիրը և 14.6%-ով` տարեկան ծրագիրը:
Հարկերի ու տուրքերի 47.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 51 մլրդ դրամ եւ 20.1%-ով կամ 12.9 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 33.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 17.4 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ ներմուծումից, եւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:
Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.7%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 9.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 6.3 մլրդ դրամ, որից ավելի քան 2.8 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 2.6 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 3 մլրդ դրամ, որից 1.8 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 7.6%-ով կամ 759.2 մլն դրամով: Ընդ որում, նվազել են եւ հանրապետություն ներմուծված, եւ հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված գումարները:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 14.9% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 15.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 20.8%-ով կամ 4.2 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ:
2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է շուրջ 12 մլրդ դրամ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 11.4%-ով կամ 1.2 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է ավելի քան 6.3 մլրդ դրամ` 0.8%-ով կամ 53.5 մլն դրամով զիջելով 2008 թվականի ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 5.9 %-ը:
Պետական տուրքի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 83%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 16.4%-ով կամ 784.3 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, լիցենզավորման եւ պետական գրանցման համար գանձվող տուրքերի նվազմամբ:
Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 5.2 մլրդ դրամ` 24.5%-ով կամ 1 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, տրանսպորտային միջոցների գազալցման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման եւ խաղատների գործունեության, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:
Պարզեցված հարկից պետական բյուջե է մուտքագրվել 371 մլն դրամ, որը 79.4%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված 2009 թվականի հունվարի 1 ից «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք գործողության դադարեցմամբ:
2009 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.1 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 47.8%-ով կամ 991.4 մլն դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների նվազմամբ:
2009 թվականի առաջին եռամսյակում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 մլրդ դրամ: Մասնավորապես` 105.6 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 551.8 մլն դրամ` ճանապարհային վճարները, 254.9 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 298.8 մլն դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները եւ 265.6 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերը նվազել են 63.7%-ով կամ 2.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է 2008 թվականի նույն ժամանակահատվածում «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի վճարումներով:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 21.5 մլրդ դրամ եւ եռամսյակային ծրագիրն ապահովել 98.8%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 1.2%-ով կամ 251.2 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 2.5 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ եւ 101.3%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, 1.2 մլրդ դրամը` Եվրամիության պարենային ծրագրի շրջանակներում, իսկ 67.5 մլն դրամը մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:
Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի առաջին եռամսյակում կազմել են շուրջ 9.2 մլրդ դրամ և 108.2%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: Ծրագրվածից ավելի մուտքերն ապահովվել են հիմնականում բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով` նախատեսված 655.5 մլն դրամի դիմաց ստացվել է 980.6 մլն դրամ, իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գծով` նախատեսված շուրջ 1.2 մլրդ դրամի դիմաց ստացվել է 1.35 մլրդ դրամ, եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի գծով` նախատեսված 60 մլն դրամի դիմաց ստացվել է 214.4 մլն դրամ: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 68.6%-ով կամ 3.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով, ռադիոհաճախականության օգտագործման վճարի, պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, ինչպես նաեւ իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով:
2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 153.4 մլրդ դրամ ծախսեր, որից 2.2 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 147.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 5.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.4%-ով կամ 14.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների եւ նպաստների, ծառայությունների ձեռքբերման եւ աշխատավարձի ծախսերի աճով:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 147.7 մլրդ դրամ` 91.9%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 13.9 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 963.9 մլն դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնց առաջին եռամսյակի կատարողականը կազմել է համապատասխանաբար 89.1% եւ 85.3%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերը համապատասխանաբար 20.9%-ով եւ 7.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 27.8 մլրդ դրամ` 12.1%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովել 89.4% կատարողական: Հաշվետու ժամանակահատվածում 3.5 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 98.9%-ը: Մասնավորապես` 2.8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 700.5 մլն դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 20.5%-ով կամ 602.7 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 3.7 մլրդ դրամ, որը 7%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովել 87.2% կատարողական: 2009 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 11.6%-ը կամ շուրջ 17.1 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 6.9 մլրդ դրամը` նախատեսվածի 100% ը, տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրը կատարվել է 97.4%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 37.7%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 55.7 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 94.8%-ը: Մասնավորապես` 43.2 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 12.5 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թվականի առաջին եռամսյակի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 12.1%-ով, իսկ նպաստներինը` 11.6%-ով:
2009 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 5.7 մլրդ դրամ, որից շուրջ 7.5 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ 1.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 13.6%-ով կամ 1.2 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 50.7%-ով կամ 1.8 մլրդ դրամով:
2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի, կատարվել է 13.6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված ավելի քան 33.1 մլրդ-ի դիմաց: Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 23.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 54.9%-ը` նախորդ տարվա 14.8 մլրդ դրամ հավելուրդի դիմաց, իսկ արտաքին աղբյուրների գծով արձանագրվել է 9.9 մլրդ դրամ հավելուրդ կամ նախատեսվածի 102.5%-ը` նախորդ տարվա 1 մլրդ դրամի դիմաց: Ներքին աղբյուրներից պակաս ֆինանսավորման պատճառը բյուջետային միջոցների տարեսկզբի մնացորդից պակաս օգտագործումն է, որը նախատեսված 52.6 մլրդ դրամի դիմաց կազմել է 33.4 մլրդ դրամ:
Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում -6.9 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից` արժեթղթերից զուտ մուտքերը` 102.3%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդը ներքին ֆինանսական ակտիվների գծով ֆինանսավորվել է ավելի քան 30.4 մլրդ դրամի չափով: Ընդ որում, 3 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զագեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, և շուրջ 33.4 մլրդ դրամի չափով օգտագործվել են ազատ բյուջետային միջոցները:
2009 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է շուրջ -9.9 մլրդ դրամ կամ նախատեսվածի 102.5%-ը: Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է շուրջ 2.6 մլրդ դրամ, որից 1.8 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 349.5 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, շուրջ 12.9 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը եւ 427.5 մլն դրամ` Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը: 2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեից արտաքին վարկավորումը կազմել է շուրջ 7.3 մլրդ դրամ, որը տրամադրվել է ԼՂՀ-ին: Այն 35.1%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: