ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏ ՎԱՐԿԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ 95,8%
ՀՀ Կենտրոնական բանկն ամփոփել է Հայաստանում գործող 22 առևտրային բանկերի գործունեության հիմնական արդյունքները և հրապարակել 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագիրը:
Այսպես, առևտրային բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալը 2009 թվականի ընթացքում աճել է շուրջ 19,8%-ով և կազմել 876,5 մլն դրամ, ընդ որում առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր կառուցվածքում ստանդարտ վարկերի տեսակարար կշիռը կազմել է 95,8%, հսկվող վարկերը կազմել են վարկերի ընդհանուր ծավալի 1,7%-ը, իսկ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկերը կազմել են բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալի համապատասխանաբար 1,2%-ը և 1,3%-ը:
Նշենք, որ հաշվետու տարվա արդյունքներով որպես անհուսալի չի դասակարգվել և ոչ մի վարկ:
ՀՀ բանկային համակարգում 2009 թվականի արդյունքներով 2008 թվականի համեմատությամբ գրանցվել է վարկերի ընդհանուր կառուցվածքում ստանդարտ վարկերի տեսակարար կշռի անկում, որն ուղեկցվել է ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկերի տեսակարար կշիռների աճով` շուրջ 1 տոկոսային կետի սահմաններում: