ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԻՆ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. մայիս ամսվա ընթացքում առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամադրված ՀՀ դրամով և մինչև մեկ տարի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 14,1℅, որն այս տարվա ընթացքում այդ վարկերի դիմաց սահմանված ամենացածր տոկոսադրույքն է: Ընթացիկ տարվա հունվար ամսվա տվյալներով իրավաբանական անձանց ՀՀ դրամով և մինչև մեկ տարի մարման ժամկետով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15,0℅, փետրվարին` 14,7℅, մարտին`15,3℅, իսկ ապրիլին` 14,8℅: 2009թ. մայիս ամսվա ընթացքում իրավաբանական անձանց տրամադրված ՀՀ դրամով և մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 16,5℅: Այս վարկերի դիմաց առավել ցածր տոկոսադրույք` 15,7℅, սահմանվել է ընթացիկ տարվա ապրիլին, իսկ առավել բարձր տոկոսադրույք` 16.8℅, սահմանվել է մարտին: Համեմատության համար նշենք, որ 2008թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում իրավաբանական անձանց տրամադրված ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքները, համապատասխանաբար մինչև մեկ տարի և մեկ տարուց ավելի մարման ժամկետով, կազմել են 13,0℅ և 13,9℅:
Նշենք նաև, որ 2009թ. ընթացքում իրավաբանական անձանց տրամադրված ԱՄՆ դոլարով վարկերի առավել բարձր տոկոսադրույքներ սահմանվել են մայիսին, երբ մինչև մեկ տարի մարման ժամկետով վարկերի դիմաց սահմանված միջին տոկոսադրույքը կազմել է 15.0℅, իսկ մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի դիմաց տոկոսադրույքը սահմանվել է 16.4℅: 2008թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում իրավաբանական անձանց տրամադրված ԱՄՆ դոլարով վարկերի տոկոսադրույքները, համապատասխանաբար մինչև մեկ տարի և մեկ տարուց ավելի մարման ժամկետով, կազմել են 14.0℅ և 15.2℅: