ԿԲ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատվել են «Կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պահանջները»: Նշված որոշումն ուղղված է կարգավորելու կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչի արդյունավետ ներդրումը, ինչպես նաև պաշտպանելու այդ ոլորտում ավանդատուների շահերը:
Նշենք, որ կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրով բանկն առաջարկում է նոր ֆինանսական գործիք, որը հնարավորություն է տալիս ավանդատուներին կուտակել միջոցներ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո դրանք օգտագործելու նպատակով: Կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի միջոցով անձը կարող է խնայել և վաստակել միջոցներ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար` միաժամանակ օգտվելով մի շարք հարկային արտոնություններից: Կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրի պայմաններով կուտակային կենսաթոշակային ավանդին ուղղվող գումարները, անկախ նրանից, թե ում կողմից են դրանք կատարվում, եթե չեն գերազանցում ավանդի շահառուի հարկվող եկամտի 5 տոկոսը, ապա եկամտային հարկով չեն հարկվում, ընդ որում` ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում վաստակած տոկոսային եկամուտների գծով որևէ հարկային պարտավորություններ չեն առաջանում:
Ավանդին ուղղված խնայողություններից և դրանց գծով կուտակված տոկոսներից ձևավորված գումարը պարբերական վճարների տեսքով ստանալու դեպքում կենսաթոշակային եկամուտը հարկվում է ընդամենը 10% դրույքաչափով: Բացի այդ, կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդը 4 մլն. Դրամի չափով երաշխավորվում է Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից:
Կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի ներդրմամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկան կհամալրվի ևս մեկ ֆինանսական գործիքով, որը ավանդի շահառուներին կապահովի լրացուցիչ կենսաթոշակային եկամտով և, միևնույն ժամանակ լինելով երկարաժամկետ խնայողության տեսակ, կնպաստի շուկայում «երկար» փողերի ձևավորմանը: