ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄՖԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՅՈՒՐԿԻ ԿՈՍԿԵԼՈՅԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) փոխնախագահ Յուրկի Կոսկելոյին։
Ողջունելով ՄՖԿ-ի մուտքը մեր երկիր, կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցության այն ծրագրերը, որ կառույցը նախատեսել է իրականացնել Հայաստանում` հաջողություն կունենան։ Կառույցը նախատեսում է ներդրումներ իրականացնել հիպոթեքային շուկայի զարգացման գործում, ինչպես նաեւ առաջարկում է փոխգործակցություն տնտեսության իրական` հիդրոէներգետիկայի եւ վերականգնողական էներգետիկայի, ֆինանսական հատվածներում։ ՄՖԿ-ի փոխնախագահն ընդգծել է, որ մինչ այժմ հաջողված ծրագրեր են իրականացվել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առողջապահական ոլորտներում։
ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանում ՄՖԿ-ի մասնագետների փորձի ներդրումը եւ հույս հայտնել, որ գործակցությունը կլինի փոխշահավետ եւ շարունակական։