ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՖԿ ԿՈՎԿԱՍԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՄԱՍ ԼՅՈՒԲԵՔԻՆ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ` օգոստոսի 4-ին, նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Համաշխարհային բանկի (WB) Միջազգային ֆինանսական Կորպորացիայի (IFC) Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեքին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում Միջազգային ֆինանսական Կորպորացիայի գործունեության ընդլայնման ու ակտիվացման հնարավորությունները:
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ, նախարար Ներսես Երիցյանն առանձնացրել է ֆինանսական համակարգում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ ենթակառուցվածքային ծրագրերը և պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող նախագծերը, մասնավորապես` բանկային, էներգետիկայի և դեղագործության ոլորտներում, կապիտալի շուկայում, կարողությունների ձևավորման գործընթացներում:
Հյուրի խնդրանքով Էկոնոմիկայի նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում Վենչուրային կապիտալի հիմնադրամի ստեղծման, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի և Համահայկական բանկի հիմնման գործընթացը:
Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեքը հավաստիացրել է, որ Միջազգային ֆինանսական Կորպորացիան միշտ պատրաստ է օժանդակելու և սերտ համագործակցելու, առավելապես երբ կան մշակված ծրագրեր և երկկողմ ցանկություն: