ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՎ 1300 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Վեստի» հեռուստածրագրի լրագրող Սերգեյ Բրիլյովին:
Պարոն Նախագահ, հարցս կարող է Հայաստանում ոմանց մակերեսային թվալ, սակայն, ի վերջո, ոչ բոլորն են տեղյակ Հայաստանն ու Թուրքիան միմյանց կապող փոփոխություններին: Ինչո՞ւ է ձեզ համար այդքան կարեւոր հայ-թուրքական սահմանի բացումը:
Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի ու Թուրքիայի հանրապետությունների միջեւ սահմանների բացման վերաբերյալ բանակցություններ սկսելու մեր նախաձեռնությունը կոնկրետ ծրագիր չէ: Այն ավելի շուտ փորձ է` ստեղծելու հարաբերականորեն տանելի միջավայր, որի առկայության դեպքում 21-րդ դարում հնարավոր է երկխոսություն հարեւան երկրների միջեւ: Նման փորձեր եղել են նաեւ նախկինում: Հայաստանի թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահները նման նախաձեռնություն ցուցաբերել են: Նախաձեռնություն եղել է նաեւ թուրքական կողմից, սակայն այդ գործընթացները մտել են փակուղի: Հիմա նույնպես հարյուր տոկոսանոց երաշխիք չկա, որ գործընթացը չի ձախողվի: Թերահավատները շատ են, բայց, ինչպես ասում են, ճանապարհն անցնում է գնացողը, եւ ես հիանալի հասկանում եմ, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում կան ուժեր, որոնք ցանկանում են ձախողել գործընթացը: Ի դեպ, նման ուժեր կան նաեւ երրորդ երկրներում: Բայց, ի տարբերություն այն գործընթացների, որոնք եղել են նախկինում, կարծում եմ, որ ներկայիս գործընթացն ունի մեկ առանձնահատկություն` սա թուրքերի հետ երբեւէ եղած ամենահրապարակային եւ բաց գործընթացն է:
Այո, բայց այդ մասին` ավելի ուշ:
Մեր հասարակությունների միջեւ կա հակադրություն, կա թշնամանք, կա մեծ անվստահություն, եւ այդ ամենը մտացածին չէ: Դա քաղաքական էլիտաների թշնամանք չէ, դա անձնավորված թշնամանք չէ, դա իրավիճակային երեւույթ չէ: Այդ ամենն արդյունք է Հայաստանի պատմության սոսկալի էջի` Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության: Եթե մեզ երբեւէ հաջողվի կարգավորել հարաբերությունները, ապա դրա համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքը, նաեւ անհրաժեշտ է մեր հասարակությունների ներգարավումն այդ գործընթացում: Մեր հասարակությունները պետք է իմանան կարգավորման մանրամասների մասին:
Մենք ի սկզբանե պայմանավորվել ենք, որ բանակցային գործընթացը սկսում եւ առաջ ենք շարժվում առանց որեւէ նախապայմանի, այդ պատճառով ես որեւէ պայման չունեմ: Բայց, մենք ուզենք, թե չուզենք` ֆուտբոլային այդ երկու հանդիպումները դարձել են քաղաքական գործընթացի բաղադրիչ մաս: Գործընթացը դեռ շարժման մեջ է, եւ ամեն ինչ կախված է ընթացքից:
Ցանկացած երկրի համար այլընտրանքային հաղորդակցության ուղիները, այլընտրանքային ճանապարհներն անհրաժեշտ են: Իսկ Հայաստանի համար, որը չունի ելք դեպի ծով, գտնվում է շատ անկայուն, անկանխատեսելի տարածաշրջանում, իսկ մենք դրանում համոզվեցինք անցած տարվա օգոստոսին, դա, իհարկե, շատ կարեւոր հանգամանք է: Բայց այստեղ խոսքն ավելիի մասին է: Խոսքը մեր տարածաշրջանը միջազգային կոորդինատների բնական համակարգ վերադարձնելու մասին է:
Թուրքերն ու ադրբեջանցիները սիրում են հաճախ կրկնել, որ իրենք մի ժողովուրդ են, բայց ապրում են տարբեր երկրներում: Ես դրա հետ չեմ վիճում, բայց կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը օգտակար է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ հեռանկարում` նաեւ Ադրբեջանի համար: Եվ եթե թուրքերի հետ բանակցային գործընթացը ադրբեջանական գործոնի պատճառով ձախողվի, ապա, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է հայտնի իր կարծիքը: Երբ թուրքերն ասում են, թե իրենք ցանկանում են որոշակի առաջխաղացում, շուտափույթ լուծում, դա նշանակում է, որ նրանք ասում են` դուք միակողմանի ինչ-որ բան զիջեք: Իսկ երբ մենք ասում ենք, որ այդ գործընթացները ոչ մի կապ չունեն միմյանց հետ, ապա ասում ենք, որ չենք կարող միակողմանի զիջումներ անել: Ես կարծում եմ, որ դա եւ թուրքերն են լավ հասկանում, եւ մենք: Իսկ միմյանց կապել երկու գործընթացները` նշանակում է բարդացնել իրավիճակը, նշանակում է, որ ոչ այս եւ ոչ էլ մյուս գործընթացը չի կարող արագ լուծում ստանալ:
Ուզում եմ քննադատների ուշադրությունը հրավիրել այն բանին, որ նրանք, հնարավոր է, մի փոքր ուշացել են իրենց քննադատությամբ: Ինչո՞ւ: Որովհետեւ ես իմ դիրքորոշումը հստակ արտահայտել եմ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում: Եւ մեր` Հանրապետական կուսակցությունը հաղթել է ընտրություններում: Ես իմ հստակ դիրքորոշումն արտահայտել եմ նաեւ նախագահական ընտրություններում: Հիմա նրանք սկսել են քննադատել կոնկրետ քաղաքականությունը կամ դրա մի մասը: Բայց քննադատների թվում կան մարդիկ, ովքեր, իրոք, գտնում են, որ չի կարելի որեւէ հարաբերություն հաստատել թուրքերի հետ, քանի դեռ նրանք չեն ճանաչել ցեղասպանությունը:
Ես այդպես չեմ կարծում, բայց ես կարծում եմ, որ քննադատների թվում կան այդպիսի մարդիկ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը չի կարող նախապայման լինել: Եթե ես դա համարեի նախապայման, չէի սկսի այս գործընթացը: Բայց կան նաեւ շատ մարդիկ, ովքեր հիմա քննադատում են, բայց ժամանակին իրենք են փորձել դա անել: Իսկ իմ եզրահանգումը հետեւյալն է. ամեն ինչ կախված է գործընթացի արդյունքներից: Կլինի այն արդյունավետ` կհաստատենք հարաբերություններ, կբացենք սահմանը, ավելի շատ կողմնակիցներ կլինեն: Չի լինի` հնարավոր է քննադատներն ավելանան: Սակայն այն, ինչ անում եմ, անում եմ համոզմունքով եւ կատարում եմ իմ թիմի կամքը:
Այս ուղղությամբ վերջին իրադարձությունը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների, այսինքն` Մինսկի խմբի համանախագահ երկրների, համատեղ հայտարարությունն էր Ակվիլայում եւ որոշ դրույթների, այսպես կոչված` «մադրիդյան սկզբունքների» հրապարակումը, որոնք մենք հիմա քննարկում ենք: Բոլորին հայտնի դարձավ կարգավորման ներկա փուլի հիմքում դրված տրամաբանությունը, այսինքն` «մադրիդյան սկզբունքները»: Դրանք են` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվեի անցկացումը, այն տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը, որոնք եւ Դուք անվանեցիք, եւ Ղարաբաղը եւ մենք ենք անվանում «անվտանգության գոտի», եւ մեր միջեւ բոլոր տեսակի հարաբերությունների կարգավորումը:
Կարծում եմ, որ քաղաքական ու ֆիզիկական երաշխիքներն անբաժանելի են: Ամենամեծ քաղաքական երաշխիքը լավ մշակված եւ համաձայնեցված փաստաթուղթն է: Դրանում պետք է շատ հստակ արձանագրվի այն, ինչի շուրջ մենք պայմանավորվում ենք, որպեսզի հետո որեւէ փուլում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ ղարաբաղյան կողմի համար հետագա գործողություններից խուսափելու եւ իրադրությունը սրելու առիթ չլինի:
Այո: Ուստի, եթե իրականում տրամաբանությունն այնպիսին է, իսկ մենք այլ բան չենք տեսել, որ այդ շղթայի բոլոր օղակները, բոլոր տարրերը բխում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակից, ապա, կարծում եմ, որ հաջողության կհասնենք: Մենք այժմ բանակցություններ ենք վարում նախագահների մակարդակով, արտաքին գործերի նախարարների մակարդակով, պարբերաբար մեզ են այցելում համանախագահները: Նրանք գալիս են Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի նախագահի հետ արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, քննարկել ենք «մադրիդյան սկզբունքների» հետ կապված մի շարք հարցեր: Վերջին շրջանում մեզ միացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւը, եւ մենք նրա օգնությամբ գրեթե համաձայնեցրել ենք առաջին կետը, ինչի համար, իհարկե, շնորհակալ ենք նրան: Ես դա ասում եմ իմ անունից: Մենք Ադրբեջանի նախագահի հետ պետք է, թերեւս, հաճախ հանդիպենք եւ շարունակենք այդ սկզբունքների քննարկումը: Համանախագահ երկրների ղեկավարներն իրենց ներկայացուցիչներին հանձնարարել են մեզ ներկայացնել «մադրիդյան սկզբունքների» նոր տարբերակ: Եթե այդ նորացված տարբերակը կհամապատասխանի «մադրիդյան սկզբունքների» ոգուն եւ տրամաբանությանը, ապա դա լավ է: Այսինքն, եթե այդ փաստաթղթում հաշվի առնվեն մեր ունեցած քննարկումների արդյունքները, քննարկած կետերը: Բայց, եթե այդ փաստաթուղթը կոչվի «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակ, սակայն նրա տրամաբանությունն ու ոգին նոր գաղափարներ բովանդակեն, կարծում եմ, գործընթացը կձգձգվի: Կապրենք` կտեսնենք:
Իմ դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է, այդ թվում` նաեւ Իլհամ Հեյդարի Ալիեւին ու համանախագահներին: Այն հետեւյալն է` Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները, իհարկե, լիարժեք իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակության վայրերը, սակայն նրանք դա կարող են անել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատումից հետո: Ինչո՞ւ: Որովհետեւ դեռեւս չի եղել ոչ մի նմանատիպ հակամարտություն, որ փախստականների ժամկետից շուտ վերադարձը նոր բռնկումների առիթ չտա: Իսկ մենք լուծման գնում ենք ինչի՞ համար: Խաղաղությա՛ն համար, կայունությա՛ն համար, ա՛յն բանի համար, որ յուրաքանչյուր մարդ իմանա, թե ինքը որտե՛ղ է ապրելու:
Որքան խորը, այնքան` լավ: Մենք միշտ ելնում ենք այն բանից, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն ու հուսալի գործընկերն է: Մենք ելնում ենք այն բանից, որ այդ բարեկամությունը պետք է հայ ժողովրդին: Ռուս ժողովրդի համար կասեն ռուսաստանյան ղեկավարները, ռուսաստանցիները: Այդ բարեկամությունը, իհարկե, դեռեւս չօգտագործված ներուժ ունի: Եթե խոսենք տնտեսական կողմի մասին, ապա հիշեցնեմ, որ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն, ընկերություն, որ հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումները հասել են 2,5 մլրդ դոլարի: Հաշվի առնելով մի քանի խոշոր նախագծերի վերաբերյալ մեր պայմանավորվածությունները, հույս ունեմ, որ մոտակա մեկուկես տարում այդ թիվը կկրկնապատկվի: Հայաստանում կա ավելի քան 40 դպրոց, որտեղ կան ռուսաց լեզվով ուսուցման դասարաններ, կա համալսարան, որտեղ սովորում է 3 հազար ուսանող, եւ ուսուցումն իրականացվում է ռուսերենով: Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի են Ռուսաստանի համազգային հեռուստաալիքները: Իսկ չորս ռուսական հեռուստաալիքներ հասանելի են ՀՀ ցանկացած քաղաքացու` առանց որեւէ տեխնիկական հատուկ հարմարանքների տեղադրման եւ լրացուցիչ ծախսերի:
Շնորհակալություն: