ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԴՐԵԼ Է «ՀՀ ԱԳՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում գործադիրը ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ը։ Սահմանվել են դպրոցի գործունեության առարկան եւ նպատակները՝ դիվանագետների, պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը, դիվանագիտական կադրերի պատրաստումը՝ բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին լրացուցիչ կրթություն տրամադրելու միջոցով, միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցելը եւ այլն։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի՝ նման դպրոց ունենալու անհրաժեշտության մասին ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետը, դպրոցի ստեղծումը թույլ կտա ծրագրված եւ կանոնավոր կերպով կազմակերպել դիվանագետների պատրաստումը եւ վերապատրաստումը, ինչը մեզանում առաջին անգամ է լինելու։ Սկզբնական շրջանում դպրոցը կտեղակայվի ՀՀ ԱԳՆ վարչական շենքի առաջին հարկում գտնվող տարածքում։