ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՇԵԼ ՎՈԶԵԼԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ՛ Ազյուրի (ՊԱԿԱ) շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին եւ գոհունակություն հայտնելով հայ-ֆրանսիական հարաբերություների դինամիկ զարգացման վերաբերյալ, գործադիրի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի, ու այդ համատեքստում երկկողմ նախագծերի իրականացման հնարավորությունների մասին։
Զրուցակիցները անդրադարձել են ՀՀ Լոռու եւ Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ՛ Ազյուրի մարզերի միջեւ համագործակցության զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորել են կրթության եւ գիտության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի եւ հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի Լոռու մարզում ծրագրերի իրականացմանը եւ հույս հայտնել, որ իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին եւ գերակա ուղղություններին, որոնց նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացումն է։