ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանում կազմակերպված ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին։
Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին եւ կարեւորելով նման միջոցառումների անցկացումը Հայաստանում, ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Մեզ մտահոգում են Հայաստանում առկա մենաշնորհային երեւույթները, որոնց պատճառներն են ստվերային տնտեսությունն ու միջազգային շուկաներ դուրս գալու սահմանափակ ուղիները, քանի որ միայն Վրաստանի եւ Իրանի տարածքով արտահնումն ու ներկրումը թանկ է արժենում, փոքր եւ միջին բիզնեսը չի կարողանում դա իրեն թույլ տալ, եւ դաշտը մնում է միայն խոշոր խաղացողներին։ Ներքին մրցակցությանը խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը»։
Վարչապետն ընդգծել է, որ ճգնաժամը լուրջ խթաններ է հաղորդում հակամենաշնորհային քաղաքականությանը եւ նպաստում հավակնոտ ծրագրերի իրականացմանը։ Ըստ նրա կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, որոնք բարձր են գնահատվել միջազգային փորձագետների կողմից, նպատակ ունեն դիվերսիֆիկացնել տնտեսությունը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկություններին, մասնավորապես` նրանց համար մատչելի դարձնելով վարկային միջոցները։ Կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումների ոլորտում։ Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել, սակայն դա չի վնասել երկրի մրցունակությանը։
Խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներ Բելառուսիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Ուկրաինայից, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հակամենաշնորհային մարմինների եւ մրցունակության հարցերով զբաղվող այլ կառույցներ։